Սեպտեմբերի 14-ին կայացավ «Խնամող կանանց հիմնախնդիրները․ ծրագրի արդյունքներից դեպի ջատագովություն և համակարգային լուծումներ» աշխատանքային քննարկումը՝ նվիրված «Խնամքի արժեք և հանրային բյուջե» ծրագրի արդյունքների ամփոփմանը և հետագա աշխատանքների ուղղությունների քննարկմանը։
Միջոցառումը բացեց ծրագրի ղեկավար Սաթիկ Բադեյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ներկայացուցիչ Անահիտ Մարդոյանը։
Վերջինս իր խոսքում անդրադարձավ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում իրականացված ենթադրամաշնորհային ծրագրերի հիմնական ուղղությունները՝ ընդգծելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից հանրային քաղաքականությունների և բյուջետային գործընթացների վերաբերյալ իրականացվող հետազոտությունների, վերլուծությունների և ջատագովության աշխատանքների կարևորությունը։ Նա անդրադարձավ նաև ծրագրի շրջանակում ձևավորված փորձին և այն հնարավորություններին, որոնք ստեղծվել են ոլորտային խնդիրների վերհանման, դրանց վերաբերյալ առաջարկությունների մշակման և համապատասխան պետական կառույցների հետ երկխոսության ձևավորման համար։
Քննարկման ընթացքում ծրագրի փորձագետ Լիլիթ Չիտչյանը ներկայացրեց «Խնամքը դրված է կանանց ուսերին․ ճանաչել և աջակցել այս աշխատանքը» քաղաքականության փաստաթուղթը, որը մշակվել է իրականացված հետազոտության հիման վրա և անդրադառնում է հաշմանդամություն ունեցող անձանց խնամքն իրականացնող կանանց հիմնախնդիրներին ու հնարավոր քաղաքական լուծումներին։
Մասնակիցները քննարկեցին խնդրի շուրջ հետագա ջատագովության և համագործակցության հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ պետական կառույցների, ոլորտային կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի ներգրավման ձևաչափերը։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ ուղղված խնամքի ոլորտում համակարգային լուծումների ձևավորմանն ու հետագա համագործակցության ամրապնդմանը։
Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Խնամքի արժեք և հանրային բյուջե» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
