Ամփոփվեց «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի ուսումնառության բարելավում․ իմաստավոր կրեդիտային համակարգ» ծրագիրը

2026-09-27 11:52

Սեպտեմբերի 18-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում՝ «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն ամփոփեց «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի ուսումնառության բարելավում․ իմաստավոր կրեդիտային համակարգ» ծրագիրը։
Միջոցառմանը մասնակցեցին Երևանի պետական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի, ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի, ինչպես նաև գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառումը բացման խոսքով մեկնարկեց ծրագրի ղեկավար Նանե Գրիգորյանը։ Մասնակիցներին ողջունեց «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը՝ ներկայացնելով ծրագրի շրջանակում իրականացվող նախաձեռնությունների կարևորությունն ու ոլորտային բարեփոխումների խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքը։
Ծրագրի հիմնական ուղղություններն ու արձանագրված արդյունքները ներկայացրեցին ծրագրի փորձագետներ Ալեքսանդր Շագաֆյանն ու Լիլիա Խաչատրյանը, իսկ բյուջետային և միջազգային համեմատական վերլուծությունը՝ երիտասարդ մասնագետ Աննա Բադալյանը։
«Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի ուսումնառության բարելավում․ իմաստավոր կրեդիտային համակարգ» ծրագիրը «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում նախկինում իրականացված ուսումնասիրության տրամաբանական շարունակությունն է։ Նախորդ ուսումնասիրության շրջանակում ասպիրանտների և հայցորդների շրջանում իրականացված հարցումների արդյունքները ցույց էին տվել, որ բարձրագույն կրթության երրորդ մակարդակում գործող կրեդիտային համակարգը բովանդակային վերանայման կարիք ունի՝ այն միայն ձևականորեն չհարմարեցնելով, այլ դարձնելով ուսումնառության և հետազոտական գործընթացի իրական բաղադրիչ։
Ծրագրի առանցքային արդյունքը քաղաքականության համառոտագիրն է, որն ուղղակիորեն անդրադառնում է բարձրագույն կրթության երրորդ մակարդակին և, մասնավորապես, կրեդիտային համակարգին։ Փաստաթղթում ներկայացված առաջարկներն ուղղված են կրեդիտային համակարգի արդյունավետության բարձրացմանը և այն Զալցբուրգյան սկզբունքների ոգուն առավել համահունչ դարձնելուն։
Առաջարկությունները հասցեագրված են ինչպես ոլորտի քաղաքականություն մշակողներին, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատություններին՝ նպատակ ունենալով ապահովել ասպիրանտական կրթության և հետազոտական աշխատանքի ավելի մեծ բազմազանություն, թիրախայնություն և անհրաժեշտ ճկունություն։
Ծրագրի արդյունքների ամփոփման միջոցառումը հնարավորություն ընձեռեց ներկայացնելու իրականացված ուսումնասիրության հիմնական արդյունքները, քննարկելու առաջարկությունները և անդրադառնալու բարձրագույն կրթության երրորդ մակարդակում կրեդիտային համակարգի հետագա զարգացման հնարավորություններին։
Միջոցառումն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում՝ «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի ուսումնառության բարելավում․ իմաստավոր կրեդիտային համակարգ» ծրագրի շրջանակում։

 

This site is registered on wpml.org as a development site.