Քննարկվել են բյուջետային գործընթացի թափանցիկության և հանրային մասնակցության բարձրացման ուղիները

2026-11-09 17:07


 

Նոյեմբերի 3-ին Երևանում տեղի է ունեցել «Բյուջեներ քաղաքացիների համար․ հանրային մասնակցություն և թափանցիկություն» խորագրով միջոցառումը, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանում բյուջետային գործընթացում հանրային մասնակցության ուղղությամբ իրականացված աշխատանքները, ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները։

Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև եվրոպական փորձին։ Նշվել է, որ պետական բյուջեի նախագծի հանրային քննարկման ժամկետը մի քանի օրից երկարաձգվել է մինչև երկու ամիս՝ հնարավորություն տալով քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ավելի մանրամասն ուսումնասիրել նախագիծն ու ներկայացնել առաջարկություններ։

Քննարկումների ընթացքում ներկայացվել է նաև մասնակցային բյուջետավորման զարգացումը Հայաստանում․ 2025 թվականին գործընթացին մասնակցել է չորս համայնք, իսկ 2026 թվականին միանալու հայտ է ներկայացրել ավելի քան 51 համայնք։

Մասնակիցներն ընդգծել են, որ արձանագրված առաջընթացին զուգահեռ դեռևս անհրաժեշտ է բարձրացնել հանրային վստահությունը, ապահովել քաղաքացիների առաջարկների պատշաճ քննարկումն ու պետական մարմինների հաշվետվողականությունը։

Միջոցառումը կազմակերպվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում։