Իրավաբանների հայկական ասոցիացիան, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (EDRC) և Ագորա Սենթրլ Յուրոփ կազմակերպությունները համագործակցաբար իրականացնում են «Բյուջեներ քաղաքացիների համար (B4C)» ծրագիրը՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
Ծրագիրը, համագործակցելով ՀՀ Ֆինանսների նախարարության և ծրագրային չորս ոլորտներում (սոցիալական պաշտպանություն, կրթություն, արդարադատություն և գյուղատնտեսություն) քաղաքականություն մշակող պետական մարմինների հետ, նպատակ է հետապնդում նպաստել պետական բյուջետային գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնմանը, խթանել Հայաստանում ներառական և թափանցիկ բյուջետային գործընթացները:
Հունիսի 27-ին կազմակերպված միջոցառումը նպատակ ունի ուժեղացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը բյուջետային գործընթացում, նպաստել ՔՀԿ հատվածի ավելի սերտ հաղորդակցությանը՝ սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթությունների ձևավորման և բյուջետային հարցերով որոշումների կայացման գործընթացներում։
Կարինե Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և նշեց, որ ուրախ է, որ քաղաքացիական հասարակության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ջանքերը միավորվել են։ Նա համառոտ խոսեց ծրագրի մասին.
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի նպատակն է նպաստել բյուջետային գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնմանը, պարզեցնել, բարելավել և թափանցիկ դարձնել բյուջետային գիտելիքը և այն փոխանցել քաղաքացիական հասարակությանը։ Ծրագիրը նաև նպատակ ունի աջակցել քաղաքացիական հասարակությանը՝ դառնալու ակտիվ մասնակից այս գործընթացներում»,- նշեց Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն իր խոսքում ընդգծեց, որ հիմնական նպատակը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացումն է՝ բյուջետային գործընթացների մշտադիտարկման և շահերի պաշտպանության իրականացման համար։
«Ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ մենք փորձում ենք ստեղծել նոր ավելացված արժեք․ վերապատրաստում ենք երիտասարդ մասնագետների և նրանց մեկ տարով, աշխատանքային պայմանագրով ուղղորդում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որպեսզի նրանք օգնեն այդ կազմակերպություններին զարգացնելու իրենց բյուջետային կարողությունները»,- նշեց Կարեն Զադոյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում արդեն իրականացվել է դրամաշնորհների մեկ փուլ, որի ընթացքում չորս կազմակերպություն մշտադիտարկում է իրականացնում ծրագրի թիրախ մի քանի ոլորտներում։ «Այժմ գտնվում ենք երկրորդ փուլում և շուտով նոր դրամաշնորհներ կտրամադրենք հասարակական կազմակերպություններին»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար Սամվել Մուրադյանը հույս հայտնեց, որ հանրային հատվածն ավելի ակտիվ կմասնակցի ծրագրին և հետաքրքրություն կցուցաբերի սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի նկատմամբ։
«Այս օրերին մենք ավարտում ենք բյուջետավորման գործընթացները, այդ թվում՝ հայտերի ներկայացման փուլը։ Սոցիալական պաշտպանությունն այն ոլորտներից է, որտեղ անելիքը հաճախ գերազանցում է առկա հնարավորությունները։ Մենք ձգտում ենք, բացի գործող ծրագրերից և միջոցառումներից, հանդես գալ նոր առաջարկներով»,- նշեց Մուրադյանը։
Նրա խոսքով՝ հանրային հատվածից սպասելիքները մեծ են, որպեսզի նրանք ևս ներգրավվեն առաջարկությունների մշակման գործընթացներին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի համակարգման վարչության պետ Ռուզաննա Գաբրիելյանը ընդգծեց, որ նախարարությունը եղել է այս նախաձեռնության ակունքներում։ 2019 թվականից ի վեր Կառավարությունը որդեգրել է սկզբունք՝ քաղաքացիական հասարակության և քաղաքացիների մասնակցություն բյուջետային գործընթացներին։
«Բյուջեի կազմման գործընթացում ներառվել են մի շարք գործառույթներ, որոնք պարտադիր են պետական մարմինների համար, որպեսզի բյուջետային հայտերը քննարկվեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այս դրույթն գործում է դեռևս 2020 թվականի բյուջետային գործընթացից սկսած։ Նախատեսվում է ստեղծել նախարարություններին կից կոլեգիաներ, որտեղ ներգրավված կլինեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Սա ևս մեկ հարթակ կլինի հանրային կառավարման ոլորտը ավելի թափանցիկ դարձնելու համար»,- նշեց Գաբրիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Այնուհետև Կարինե Հարությունյանը հանդես եկավ «Հայաստանում հանրության ներգրավումը բյուջետային գործընթացում. ընթացիկ հնարավորությունները» թեմայով բանախոսությամբ՝ նշելով, որ ներկայումս հետազոտողները հնարավորություն չունեն միջնաժամկետ ծախսերի վերաբերյալ որևէ տեղեկություն ստանալու։
«Այդ փաստաթուղթը դարձել է առավել կոնկրետ, միտված քաղաքականությունների ուղղություններին և այլևս չի սահմանում բյուջետային ծրագրերի ծախսային սահմանաչափերը։ Հետևաբար, քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունները որոշակիորեն փոփոխվել են»,- ընդգծեց Հարությունյանը։
B4C ծրագրի բյուջետային բաղադրիչի ղեկավարը մանրամասն ներկայացրեց, թե ինչ գործընթացներով է քաղաքացիական հասարակությունն անցնում ներկայում և անցյալում։
Մանրամասները՝ տեսանյութում։
B4C ծրագրի բյուջետային փորձագետ Լիլիթ Հակոբյանը ներկայացրեց ՀՀ 2026–2028թթ. ՄԺԾԾ-ի (միջնաժամկետ ծախսերի ծրագիր) սոցիալական պաշտպանության ծախսերի և ուղղությունների ամփոփ պատկերը։ Նա նաև անդրադարձավ սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականության գերակայություններին, նոր նախաձեռնություններին և սպասվող ծախսերին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Միջոցառման հիմնական նպատակն է քաղաքացիական հասարակությանը տրամադրել ընթացիկ տեղեկատվություն, մասնավորապես՝ 2026-2028թթ․ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվելիք քաղաքականությունների և ՄԺԾԾ նախատեսված ծախսային միտումների շուրջ, բացահայտելու առկա բյուջետային տեղեկատվությունը, տեղեկացված լինել բյուջետային գործընթացի տարբեր փուլերին մասնակցելու հնարավորություններին և գործիքներին՝ հետագայում բյուջետային ծրագրերի արդյունավետ վերլուծություններ իրականացնելու և պետական մարմինների հետ փաստահեն մասնակցության համար։