Հենաշարժական խնդիրներ ունեցող անձինք շատ հաճախ աշխատանքի հրավերից հրաժարվում են աշխատավայրի ֆիզիկական անհարմարության, նաև հարմարեցված փոխադրամիջոցի բացակայության պատճառով։
2024 թվականի ընթացքում, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումները ցույց են տվել, որ շարունակում են արդիական մնալ բնակելի, հասարակական, արտադրական և այլ գործառնական նշանակություն ունեցող շենքերի և շինությունների, այդ թվում՝ նոր կառուցված և վերակառուցված շենքերի և շինությունների, տրանսպորտային միջոցների, կանգառների և այլնի մատչելիության ապահովման հետ կապված խնդիրները։
«Խիստ մտահոգիչ է այն, որ շարունակվում են արձանագրվել նոր կառուցված և վերակառուցված շենքերի և շինությունների մատչելիության նորմերի պահպանման հետ կապված խնդիրներ»,-հրապարակված է ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024 թվականի տարեկան հաղորդման մեջ։
https://ombuds.am/…/4d1335361f1f7e9fbcc1cfc10679701e.pdf
Փոխադրամիջոցների մատչելիության ապահովման խնդիրներ ևս արձանագրել է Մարդու իրավունքների պաշտպանը։
«2024 թվականի ընթացքում շարունակել են չլուծված մնալ նախկինում արձանագրված օրենսդրական խնդիրները՝ կապված, օրինակ, միջմարզային, ներմարզային և բազմաբնակավայր համայնքների բնակավայրերի միջև կանոնավոր երթուղիների մրցույթին ներկայացվող պահանջների հետ, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպություններին մրցույթին մասնակցել ընդամենը երթուղիներում ընդհանուր քանակի առնվազն 10 տոկոսի չափով մատչելի կամ հարմարեցված ավտոբուսների ապահովմամբ։
Խիստ մտահոգիչ է այն, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2024 թվականին սուբվենցիոն ծրագրով ՀՀ Շիրակի մարզը ձեռք է բերել թվով 10 ավտոբուս, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի չեն։ 2024 թվականի ընթացքում Գյումրի քաղաքում ձեռք է բերվել թվով 23 միկրոավտոբուս, որոնցից 5-ն են հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց համար և այլն:
Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած մշտադիտարկումները ցույց են տալիս, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի համարվող ավտոբուսների պարագայում ևս առկա են մատչելիության երաշխավորման հետ կապված խնդիրներ։ Այսպես, օրինակ, Գյումրու ներհամայնքային ավտոբուսների մշտադիտարկման արդյունքում պարզ է դարձել, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի համարվող ավտոբուսը գործնականում մատչելի չէ, օրինակ, տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող անձի համար, սայլակների համար նախատեսված հատվածը չափազանց փոքր է՝ երաշխավորելու ավտոբուսի մատչելիությունը սայլակով տեղաշարժվող անձի համար և այլն»,-ասված է ՄԻՊ հաղորդման մեջ։
https://ombuds.am/…/4d1335361f1f7e9fbcc1cfc10679701e.pdf
Մարդկանց կողմից խտրական վերաբերմունք չկա հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, սակայն․․․ անհատ ձեռներեց
Անհատ ձեռնարկատեր Արմինե Հովհաննիսյանը շուրջ 10 տարի է՝ զբաղվում է առեւտրային գործունեությամբ։ Ասում է՝ խանութում աշխատելու ցանկություն ունեցել են նաև հաշմանդամություն ունեցող անձինք, սակայն տրանսպորտի բացակայության, նաև ոչ մատչելի միջավայրի պատճառով հրաժարվել են։ «Նրանցից մեկն ուզում էր աշխատել գանձապահ, մյուսը՝ վաճառող։ Երկուսն էլ ունեին հաշմանդամություն, ֆիզիկական խնդիրներ, նաև ապրում էին սոցիալապես վատ պայմաններում։ Գյուղից քաղաք գալու, նաև տուն վերադառնալու հարմար միջոց չկար, բացի այդ, մեր պայմանները հարմար չէին իրենց։ Ստիպված հրաժարվեցին։ Ես՝ որպես գործատու, տրանսպորտի խնդիր չեմ կարող լուծել, իսկ մատչելի միջավայր ունենալու համար ֆինանսական միջոցներ են հարկավոր»,-ասում է անհատ ձեռներեցն ու ընդգծում՝ մարդկանց կողմից խտրական վերաբերմունք չկա հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։ «Սակայն ստեղծված անհավասար պայմանների հետևանքով հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեք չեն կարող գործել և աշխատել, այս խնդիրը պիտի կարգավորի կառավարությունը։ Մասնավոր հատվածը միայն կարող է հարկեր վճարել պետական այդ ծրագրերն իրականացնելու համար»,-եզրափակում է Ա․Հովհաննիսյանը։
Աշխատավայր հասնելը՝ գերխնդիր
Մանուշակ Ներսիսյանն ապրում է Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղական բնակավայրում։ Ունի հենաշարժական խնդիրներ, տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ։ Ասում է՝ գյուղի տրանսպորտի բացակայության պատճառով աշխատավայր չի կարողացել հասնել։ «Տաքսիներն հարմարեցված չեն, նաև կրկնակի գումար են պահանջում տեղափոխման համար»,-ասում է նա։
Մ․Ներսիսյանն ավելացնում է՝ եթե անգամ գործատուները հեռավար աշխատանք առաջարկեն, ապա դարձյալ չի կարողանա, քանի որ չունի տեխնիկական միջոցներ, մասնավորապես, համակարգիչ, իսկ որոշ աշխատանքների դեպքում չունի նաև համապատասխան որակավորում։
«Մի անգամ աշխատանքի տոնավաճառի մասնակցեցի, երբ ձեռնափայտով էի։ Միջավայրը հարմարեցված չէր հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար, քանի որ աստիճանները շատ բարձր էին»,-ասում է նա։
Տիկին Մանուշակը համոզված է՝ հաշմանդամություն ունեցող անձանց հավասար պայմանների ապահովման համար հարկավոր է կառավարության կողմից համապարփակ եւ համակարգված ծրագրի իրականացում։
«Այսօր ինձ համար կարևոր է ունենալ անձնական օգնական․․․աշխատանքային ոչ հավասար պայմաններից եւ խնդիրներից զերծ մնալու համար ես դարձել են անհատ ձեռներեց և զբաղվում եմ իմ գործով»,-ավելացնում է նա։
Անձնական օգնականի ծառայությունը շատերի համար անհասանելի է մնում
2024 թվականի հունվարի 1-ից պետությունը հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրում է անձնական օգնականի ծառայություն, որի նպատակն է՝ աջակցել հաշմանդամություն ունեցող անձի անկախ ապրելուն, իր համայնքում ներառվելուն՝ բացառելով նրա մեկուսացումը:
Ծառայությունը մատուցվում է հենաշարժական, տեսողության և հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի (մտավոր խնդիրներով անձանց պարագայում նաև՝ միջին աստիճանի) սահմանափակում ունեցող 15 տարին լրացած անձանց: Հաշվի առնելով այն, որ ծրագիրը միտված է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը, նրանց կրթության, աշխատելու իրավունքների իրացմանը՝ ծրագրից կկարողանան օգտվել 15 տարին լրացած հաշմանդամություն ունեցող այն անձինք, ովքեր աշխատում են կամ սովորում, կամ գրավոր հավաստիացնում են, որ առաջիկա 3 ամիսների ընթացքում սկսելու են աշխատել կամ սովորել։
Անձնական օգնականի ծառայությունն իր մեջ ներառվում են ինչպես շահառուի խնամքը, այնպես էլ միջավայրային արգելքները հաղթահարելուն (այդ թվում՝ տեղաշարժվելուն և հաղորդակցվելուն) ուղղված գործողությունները:
Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ (Կառավարության նիստի ընթացքում կայացած քննարկման արդյունքում նաև՝ ընտանիքի անդամը), ով ունի անհրաժեշտ գիտելիքի և հմտությունների տիրապետումը հավաստող վկայական։ Որպես օգնական հաշվառվելու համար քաղաքացիները մասնակցում են վերապատրաստումների և թեստավորման արդյունքում կստանան անձնական օգնականի ծառայություն տրամադրելու իրավունքը հավաստող վկայական:
Սահմանված են նաև անձնական օգնականի ծառայության առավելագույն ժամաքանակները՝ ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող հաշմանդամություն ունեցող անձի դեպքում՝ ամսական 140 ժամ, ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձի դեպքում՝ ամսական 120 ժամ, ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձի դեպքում՝ ամսական 100 ժամ։ 1 ժամվա ծառայության արժեքը կազմում է 1050 ՀՀ դրամ՝ հարկերը ներառյալ։
Լուսանկարը՝ Մանուշակ Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից
Սույն հոդվածը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Լուսափայլ» կրթամշակութային հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հավասար պայմաններ աշխատավայրում և աշխատաշուկայում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Լուսափայլ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները