ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը։
Նիստին մասնակցել են ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող՝ խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունների, ասոցիացիաների եւ միությունների ներկայացուցիչներ։
Նիստի ընթացքում նախարար Հովհաննիսյանը ողջունել է մասնակիցներին եւ շնորհակալություն հայտնել խորհրդի կազմում ընդգրկվելու պատրաստակամության համար։ Այնուհետեւ քննարկվել են առաջիկա նիստերի օրակարգային հարցերն ու ոլորտային առաջնահերթությունները։ Մասնակիցների ներկայացրած առաջարկությունները դիտարկվել են, որից հետո անդրադարձ է կատարվել հարկային քաղաքականությանը, գնումների ոլորտին, ինչպես նաեւ բյուջետային գործընթացի կազմակերպման ընթացիկ հարցերին։
Նիստին մասնակցել է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ով խորհրդի առաջիկա քննարկամնն է ներկայացրել օրակարգային երկու կարեւոր հարց.
Հարկային բարեփոխումների գնահատում. Կարեն Զադոյանն առաջարկել է խորհրդի առաջիկա նիստերից մեկում քննարկել 2025 թվականի հունվարի 1-ից փաստաբանական ծառայությունների, ինչպես նաեւ 2025 թվականի հուլիսի 1-ից իրավաբանական ծառայությունների՝ շրջանառության հարկի համակարգից ընդհանուր հարկման համակարգ տեղափոխման օրենսդրական փոփոխությունների արդյունքները՝ հասկանալու համար, թե արդյոք այդ բարեփոխումը հաջողել է, թե ոչ։ Ի պատասխան՝ նախարար Հովհաննիսյանը նշել է, որ նախարարության համար էական նշանակություն ունի բարեփոխման արդյունավետության գնահատումը, և պատրաստակամություն է հայտնել Խորհրդին ներկայացնել բարեփոխման արդյունքների մասին հաշվետվություն՝ անհրաժեշտության դեպքում եզրակացություններ կատարելու նպատակով։
Մասնակցային բյուջետավորում. Կարեն Զադոյանն առաջարկել է նաև մասնակցային բյուջետավորման գործընթացը համայնքային մակարդակից տեղափոխել հանրապետական մակարդակ՝ պետական եւ ոլորտային բյուջեների մասով՝ առաջարկելով նաև պետական բյուջեում գումարներ նախատեսել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար բյուջետային գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով, և որպես այդ ամենի փորձ հղում է կատարել Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործընկերի հետ համատեղ Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրին։
Նիստն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով՝ ապահովելով բաց եւ կառուցողական քննարկման մթնոլորտ։
