2026 թվականի հուլիսի 9-ին կայացավ «Գյուղատնտեսություն 2027․ քաղաքականություն և բյուջե» թեմայով քննարկումը, որը համախմբել էր պետական մարմինների՝ մասնավորապես Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց գյուղատնտեսության ոլորտի 2027-2029 թվականների քաղաքականության առաջնահերթություններին և ՄԺԾԾ-ով նախատեսված ծախսային միտումներին։ Մասնակիցները քննարկեցին նաև բյուջետային տեղեկատվության հասանելիության, քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնման և պետական մարմինների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման հարցերը։
Միջոցառումը կազմակերպվել էր «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և Չեխիայի «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի համագործակցությամբ։
«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն, «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի բյուջետային բաղադրիչի ղեկավար Կարինե Հարությունյանը բացման խոսքում ընդգծեց, որ ծրագրի առանցքային նպատակներից է քաղաքացիական հասարակության ներգրավվածության մեծացումը բյուջետային գործընթացներում և պետական մարմինների հետ արդյունավետ երկխոսության խթանումը։
Ըստ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Բյուջեներ քաղաքացիների համար ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի՝ ծրագրի հիմնական նպատակն էր ուժեղացնել քաղաքացիական հասարակության կարողությունները, որպեսզի կազմակերպությունները կարողանան մասնագիտորեն վերլուծել և մշտադիտարկել բյուջեները, մասնակցել բյուջետային գործընթացներին։ Այդ նպատակով թիրախավորվել են չորս ոլորտներ՝ արդարադատություն, գյուղատնտեսություն, սոցիալական աջակցություն և կրթություն։
Էկոնոմիկայի նախարարության ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Գայանե Աթոյանն էլ ընդգծեց, որ գյուղատնտեսությունը տնտեսության ռազմավարական ոլորտներից է, քանի որ այն ոչ միայն ապահովում է գյուղմթերքի արտադրությունն ու վերամշակումը, այլև հումք է մատակարարում բազմաթիվ այլ ճյուղերի։ Աթոյանը կարևորեց նաև քաղաքացիական հասարակության մասնակցությունը բյուջետային ծրագրերի և պետական աջակցության քաղաքականության մշակմանը՝ նշելով, որ այդ համագործակցությունը նպաստում է առավել արդյունավետ որոշումների կայացմանը։
Ֆինանսների նախարարության Տնտեսական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության պետ Հրայր Եսայանն էլ նշեց, որ վերջին տարիներին բյուջետային գործընթացն ավելի թափանցիկ է դարձել։ Այդ նպատակով ներդրվել է «Քաղաքացու բյուջեն», որը պետական ծրագրերը ներկայացնում է պարզ ու հասկանալի լեզվով, իսկ բյուջետային հայտերը մինչև հաստատվելը պարտադիր հանրային քննարկման են դրվում։ Նախարարությունում ընդգծում են նաև, որ գյուղատնտեսությունը շարունակում է մնալ կառավարության առաջնահերթություններից մեկը, իսկ ոլորտում առկա մարտահրավերների, մասնավորապես արտահանման խնդիրների պայմաններում, մի շարք ծրագրեր վերանայվում և ճշգրտվում են։
Միջոցառման ավարտին պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների միջև տեղի ունեցավ բաց քննարկում, որի ընթացքում մասնակիցներն անդրադարձան ոլորտի առաջնահերթություններին, բյուջետային գործընթացներին և հետագա համագործակցության հնարավորություններին։
Սույն հրապարակումը մշակվել է «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ:
Բովանդակության համար պատասխանատու է ծրագիրը և այն որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
