Հունիսի 4-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպվել էր 2027-2029թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) նախագծի, ներառյալ՝ 2027 թվականի պետական բյուջեի մշակման աշխատանքների շրջանակում բյուջետային հայտերի քննարկումը՝ շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) մասնակցությամբ:
Քննարկմանը մասնակցում էին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհային ծրագրեր իրականացնող «Բիզնես և կրթություն ասոցացիա» ՀԿ-ն՝ ի դեմս Մարինե Ժամկոչյանի, Սուսաննա Եղիազարյանի և Արմինե Գրիգորյանի, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն՝ ի դեմս Արփինե Հակոբյանի, Նանե Մխիթարյանի։
Հանրային քննարկման ընթացքում ՀՀ ԱՍՀՆ նախարարի տեղակալներն իրենց ելույթներում ներկայացրել են առաջիկա երեք տարիների համար նախատեսվող հիմնական նպատակները՝ ընդգծելով սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետության բարձրացման, զբաղվածության խթանման, սոցիալական ծառայությունների հասանելիության ընդլայնման և խոցելի խմբերի աջակցությանն ուղղված միջոցառումների կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ոլորտում իրականացվող բարեփոխումներին, արդյունքահեն բյուջետավորման սկզբունքներին և պետական միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործման անհրաժեշտությանը։
Ներկայացվել են կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության, բնակապահովման և զբաղվածության պետական ծրագրերի, երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտներում նախատեսվող ծրագրային ուղղությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև ոլորտային ծառայությունների թվայնացման գործընթացին, որի արդյունքում նախատեսվում է ներդնել քաղաքացիների համար առավել հարմարավետ, ժամանակ և ռեսուրսներ խնայող էլեկտրոնային ծառայությունների գործիքակազմ։
Քննարկումը կարևոր հարթակ էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար՝ ՄԺԾԾ և պետական բյուջեի մշակման գործընթացում իրենց դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացնելու, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտի առաջիկա ծրագրային առաջնահերթություններին ծանոթանալու տեսանկյունից։
