«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով իրականացվող «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի ուսումնառության բարելավում․ իմաստավոր կրեդիտային համակարգ» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի երիտասարդ մասնագետ Աննա Բադալյանը մասնակցել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ՀՀ 2027-2029թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հանրային քննարկմանը։
Քննարկման ընթացքում ներկայացվել են հարցադրումներ և պարզաբանման առաջարկներ՝ կապված բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում նախատեսվող բյուջետային հատկացումների, կրթաթոշակների և ուսանողական նպաստների ֆինանսավորման աճի հիմնավորումների հետ։ Մասնավորապես, ուշադրություն է դարձվել պետության կողմից ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցմամբ սովորող ուսանողների տեսակարար կշռի՝ 19.5 %-ից մինչև 22 % աճի հաշվարկային հիմքերին։ Ներկայացված առաջարկություններով առաջարկվել է պարզաբանել, թե 2024–2026 թվականների համեմատությամբ 2027–2029 թվականներին քանի տոկոսով է ավելանալու կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը, ինչպես նաև բացարձակ արտահայտությամբ քանի ուսանողի ավելացման մասին է խոսքը։
Դիտարկումներ են ներկայացվել նաև մեկ ուսանողի միջին կրթաթոշակի չափի վերաբերյալ։ Մասնավորապես, նշվել է, որ ըստ կատարված ուսումնասիրության՝ մինչև 2025 թվականը մեկ ուսանողի ամսական միջին կրթաթոշակը կազմել է շուրջ 7,400 ՀՀ դրամ, և առաջարկվել է ներկայացնել, թե ինչ չափի կրթաթոշակ է նախատեսվում 2027–2029 թվականներին՝ հաշվի առնելով ֆինանսավորման աճը։
Քննարկման ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել նաև հետբուհական և ասպիրանտական կրթության ծրագրերին։ Մասնավորապես, առաջարկվել է պարզաբանել, թե բյուջետային հատկացումների աճը որքանով է պայմանավորված շահառուների թվի ավելացմամբ և որքանով՝ կրթաթոշակների չափի փոփոխությամբ։ Ներկայացվել են հարցադրումներ նաև մեկ ասպիրանտի ամսական կրթաթոշակի ակնկալվող չափի վերաբերյալ և այն մասին, թե արդյոք այն կգերազանցի ներկայիս միջինում 60,000–70,000 ՀՀ դրամ միջակայքը։
Դիտարկումներ են ներկայացվել նաև բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրման ծրագրի շրջանակում շահառուների թվի աճի վերաբերյալ։ Առաջարկվել է պարզաբանել, թե ծրագրով նախատեսված 19.5 %-ից մինչև 22 % աճը բացարձակ թվերով քանի ուսանողի է վերաբերում։
Քննարկման ընթացքում ներկայացված հարցադրումները և առաջարկությունները ընդունվել են ի գիտություն՝ հետագա դիտարկման նպատակով։
