Ներառական կրթության խնդիրներն ու լուծումները քննարկվեցին Կրթության տեսչական մարմնում

2025-10-06 09:24

ՀՀ Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, տեղակալներ Ռաիսա Գալստյանը և Արսեն Բաղդասարյանը ընդունեցին «Լուսաստղ» ՀԿ աշխատակազմին։

Հանդիպման ընթացքում Վաղարշակ Մատիկյանը ողջունեց կազմակերպության ներկայացուցիչներին և հետաքրքրությամբ ծանոթացավ ՀԿ գործունեությանը։ Կազմակերպության նախագահ Անի Գաբրիելյանը ներկայացրեց «Համընդհանուր ներառում 2․ բյուջեից քաղաքականություն» ծրագիրը՝ ընդգծելով, որ այն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» ղեկավարությամբ ձևավորված կոնսորցիումի «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում։

Անի Գաբրիելյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է շահերի պաշտպանության միջոցով նպաստել ներառական կրթության համակարգի զարգացմանն ու կայացմանը Հայաստանում։ Ծրագրի կարևոր բաղադրիչ է քաղաքացիական վերահսկողության և հետադարձ կապի գործիքի ներդրումը, որը հնարավորություն կտա շահառուներին՝ երեխաներին, ծնողներին, ուսուցիչներին և խնամակալներին, արձանագրել ոլորտում առկա խնդիրները, իսկ քաղաքականություն մշակողներին՝ ժամանակին արձագանքել դրանց։

Կազմակերպության փոխնախագահ Արփինե Սերոբյանը ներկայացրեց հանրակրթական դպրոցներում ներառական կրթության համար տրամադրվող պետական միջոցների բաշխման և դրանց արդյունավետության գնահատման հիման վրա կազմված պարզեցված բյուջեն, ինչպես նաև ծրագրի շրջանակներում իրականացվող շահերի պաշտպանության գործողությունների պլանը։ Երիտասարդ փորձագետ Լևոն Սողոմոնյանը հանդես եկավ նախակրթական հաստատություններում ներառական կրթության գործընթացի վերաբերյալ դիտարկումներով։

Վաղարշակ Մատիկյանը բարձր գնահատեց «Լուսաստղ» ՀԿ աշխատանքը և նշեց․
«Գովելի աշխատանք եք իրականացնում։ Մենք կարող ենք համագործակցել ներառական կրթության ոլորտում իրականացվող աշխատանքների կազմակերպման և դրանց ստուգման մեխանիզմների ձևավորման ուղղությամբ»։

Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ «Լուսաստղ» ՀԿ աշխատակազմը կմշակի ուսումնական տարեվերջին կիրառվելիք գնահատման ստուգաթերթ, որի միջոցով կհավաքվեն հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների, դպրոցների և ՏՄԱԿ-ի աշխատակազմի կարծիքները։ Ստուգաթերթը նախատեսվում է կիրառել Կրթության տեսչական մարմինների կողմից:

Սույն  հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Լուսաստղ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Համընդհանուր ներառում 2. բյուջեից քաղաքականություն» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Լուսաստղ» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

This site is registered on wpml.org as a development site.