Աշխատանքի տեղավորված անձանցից միայն 0,81 տոկոսն է եղել հաշմանդամություն ունեցող

2025-09-16 15:16

Իրինա Եղիազարյանը բնակվում է Գյումրիում։ Նա հաշմանդամություն ձեռք է բերել 1994 թվականից։ Ասում է՝ թեպետ ունի դասավանդման փորձ եւ համակարգչային գիտելիքներ, այնուհանդերձ, աշխատանք գտնելն անհնար է դարձել։
«Երբ հերթագրվում էի աշխատանքի ընդունման նպատակով, ասում էին՝ վայ, ձեզ համար շատ դժվար է աշխատանք գտնելը, դուք ճիշտ հասկացեք, այստեղ այնպիսի աշխատանքներ ունենք․․․ամեն դեպքում, մենք ձեզ կգրանցենք, տեղյակ կպահենք։ Այսպես էին ինձ պատասխանում, երբ իմանում էին, որ հաշմանդամություն ունեցող անձ եմ եւ փնտրում եմ աշխատանք։ Երբ իմ կենսագրական տվյալները թողնում էի, ինձ զանգում էին, այնպիսի աշխատանք էին առաջարկում, որ ամբողջ օրը ստիպված պիտի ոտքի վրա կանգնած լինեի։ Ես հարցնում էի՝ դուք կարդացե՞լ եք, որ ես ունեմ հաշմանդամություն, ինչպե՞ս կարող եմ ամբողջ օրը ոտքի վրա կանգնել եւ աշխատել, հարմարեցված իրավիճակ պիտի լինի, ես ծնկի հետ խնդիրներ ունեմ, սանդուղք բարձրանալու խնդիրներ կունենամ․․. »,-պատմում է Իրինան եւ վերհիշում Գյումրիում վերջին տարիներին կազմակերպված աշխատանքային տոնավաճառի պայմանները։
«Այդ տոնավաճառը կազակերպվել էր թատրոնի շենքում այն դեպքում, երբ այդ շենքի սանդուղքները բարձրանալը եւ իջնելը հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար լրացուցիչ խնդիրներ եւ հոգեբանական ճնշում էր ստեղծում։ Անգամ անվասայլակները գրկած էին իջեցնում եւ բարձրացնում»։
Երբ Իրինա Եղիազարյանն ընդգրկվել է շենքային պայմանների մատչելիության գնահատման խմբում եւ այցելությունների ընթացքում դիտարկել հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված շենքային պայմանները, բացահայտել է, որ գերակշիռ դեպքերում թեքահարթակների, բազրիքների, սանհագնույցների կառուցման չափորոշիչները պահպանված չեն։
«Նույնիսկ գործատուն տեղյակ չէ, որ խելամիտ համարեցումներ են լինելու»,-ավելացնում է Իրինան։
Աշխատանքի երկարատեւ ու անհաջող փնտրտուքից հետո Իրինան որոշել է ինքնուրույն մի գործ ձեռնարկել․ ներկայում նա հուշանվերներ է պատրաստում, մասնակցում է վերապատրաստման դասընթացների։
«Հույսս կտրեցի եւ հաճախեցի «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն, որտեղ ինձ մեկուսացված չեմ զգում, մասնակցում եմ կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացների»,-ավելացնում է նա։
Հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակով Երեւանն ու Շիրակի մարզն առաջինն են
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայի տվյալների (հաշմանդամության վարչական ռեգիստր) կողմից ամփոփված տեղեկությունների համաձայն՝ 2024 թվականի հուլիսի մեկի դրությամբ ՀՀ-ում հաշվառված հաշմանդամություն ունեցող անձանց թիվը հասել է 173 հազար 856-ի։ Նրանցից 7 հազար 642-ը եղել է մինչեւ 18 տարեկան, իսկ 91 հազար 97-ը՝ կենսաթոշակային տարիքի եւ բարձր։
Հաշվառված 173 հազար 856 հաշմանդամություն ունեցող անձանցից 83 հազար 396-ը եղել են կանայք։
Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման թվաքանակով առաջին տեղում է Երեւանը՝ 31 հազար 724, իսկ մարզերից՝ Շիրակը, 17 հազար 73։
Նույն աղբյուրի համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված 173 հազար 856 հաշմանդամություն ունեցող անձանցից 1317-ը հաշմանդամությունը ձեռք է բերել աշխատանքային խեղման պատճառով։ Նրանցից 284-ը եղել են կանայք։
Տարերային, տեխնածին եւ այլ աղետների, ինչպես նաեւ դրանց վերացման աշխատանքների ժամանակ ստացած հիվանդության, խեղման, վնասվածքի պատճառով հաշմանդամություն է ձեռք բերել 412-ը, նրանցից 279-ը կանայք են եղել։
https://armstat.am/file/article/sv_06_24a_530.pdf
Ո՞րն է հաշմանդամություն ունեցող աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված համալիր ծրագրի բաղադրիչը
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից «Լուսափայլ» հասարակակական կազմակերպությանը գրավոր փոխանցել են, որ 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության միջոցով աշխատանքի է տեղավորվել 5 հազար 504 անձ, նրանցի 45-ը հաշմանդամություն ունեցող անձ է։
«Լուսափայլ» հասարակակական կազմակերպությունը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից փորձել է պարզաբանում ստանալ, թե հաշմանդամություն ունեցող աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով ինչ ծրագրեր են իրականացվում։
Նախարարությունից գրավոր տեղեկացրել են, որ հաշմանդամություն ունեցող աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով համալիր ծրագրով նախատեսված է հզորացնել առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կարողությունները, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող աշխատողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ վերապատրաստումների միջոցով։ Միջոցառումը նախատեսված է իրականացնել 2025-2026 թվականների ընթացքում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից՝
շահագրգիռ մարմինների հետ համագործակցությամբ։
Աշխատավայրերում, ինչպես նաեւ ուսումնական հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական, տեղեկատվական եւ տեխնիկական հասանելիություն, մատչելիություն ապահովելու ուղղությամբ ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1265-Ն որոշմամբ սահմանվել է «Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը սահմանելու մասին» որոշումը, որն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարից։
Աշխատավայրում եւ ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումների համար դիմել կարող է յուրաքանչյուր անձ, ով ունի հաշմանդամությամբ պայմանավորված ֆունկցիոնալության սահմանափակում,
որը, ծառայությունների անհատական ծրագրի համաձայն, սահմանափակում է անձի կողմից իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը կամ ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար
հիմունքներով մասնակցությունը։
Խելամիտ հարմարեցումների տեսակները ներառում են՝
1. ոչ տեխնոլոգիական բնույթի հարմարեցումներ, որոնց համար ֆինանսական ծախս չի պահանջվում (աշխատանքի ժամանակացույցի վերանայում՝ առանց լրացուցիչ աշխատողի ներգրավման, ընդմիջման ժամերի
վերանայում և այլ նման բնույթի հարմարեցումներ),
2.ցածր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ, որոնք պարզ են, չեն առաջացնում լրացուցիչ դժվարություններ, հեշտությամբ կարող են ներդրվել գրեթե յուրաքանչյուր միջավայրում (դռան բռնակի փոխարինում հարմարեցված դռան բռնակով, խոշորացույցի տրամադրում և այլն),
3.բարձր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ, որոնց դեպքում օգտագործվում են առաջադեմ կամ բարդ սարքավորումներ (աջակցող միջոցներ, ներառյալ՝ ծրագրային ապահովում եւ այլն),
4. աջակցություն՝ որեւէ գործողություն կատարելիս (ուղեկցողներ, շուրթերով հաղորդակցվող թարգմանիչ, ժեստերի լեզվի թարգմանիչ, գրառումներ կատարող, թարգմանիչներ եւ այլն)։
Սույն հոդվածը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Լուսափայլ» կրթամշակութային հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հավասար պայմաններ աշխատավայրում և աշխատաշուկայում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Լուսափայլ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Լուսանկարը ստեղծվել է Արհեստական բանականության միջոցով։

This site is registered on wpml.org as a development site.