«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն հոկտեմբերի 6-ին ՀՀ կրթության տեսչական մարմնին ներկայացրեց Տավուշում արդեն երկրորդ տարին՝ որպես ավարտական քննություն 9-րդ դասարանցիների գրած էսսեների ուսումնասիրության արդյունքները: Քննարկվեցին էսսեն որպես ավարտական քննություն հանձնելու նախապատրաստական փուլի, քննությունների անցկացման և աշխատանքների գնահատման հետ կապված խնդիրները:
Հանդիպմանը մասնակցեցին և բարձրաձայնված խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ խնդրեցին ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Ռաիսա Գալստյանը և Արսեն Բաղդասարյանը, օգնական Անուշ Այվազյանը, Հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանը, Ռիսկերի գնահատման վարչության պետ Զարուհի Միքայելյանը, Հանրության հետ կապերի բաժնի պատասխանատու Վարդուհի Պետրոսյանը:
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ նախագահ Անուշ Մարտիրոսյանը նշեց, որ 95 էսսեների բովանդակությանը ծանոթանալուց, էսսեի անցկացման վերաբերյալ իրավական ակտերի ընդունման ժամկետների ուսումնասիրությունից, ինչպես նաև ՀԿ-ին հայտնի դարձած և գրավոր աշխատանքներում արձանագրված խնդիրներից պարզ է դառնում՝ անհրաժեշտ է խիստ հսկողություն իրականացնել։
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի համահիմնադիր, ուսուցիչ Նելլի Հայրապետյանը ընդգծեց, որ իր ուսումնասիրած 95 աշխատանքների միջին գնահատականը չի գերազանցում 11 միավորը, իսկ նվազագույն միավոր ստացած աշխատանքները մոտ 30 տոկոսն են։ Սա, ըստ ուսուցչի, վկայում է, որ անգամ Տավուշում սովորող երեխաները դեռ պատրաստ չեն էսսեի քննություն հանձնելուն: Ուսուցիչը ներկայացրեց էսսեների բովանդակության վերաբերյալ իր մասնագիտական եզրահանգումներն ու նշեց, որ կրթության բովանդակությունն ու կրթական ծրագրերը այս հարցում առանցքային նշանակություն ունեն։ Ըստ Նելլի Հայրապետյանի՝ Հանրակրթության պետական չափորոշչի պարագայում էսսե գրել սովորեցնելն ու այն գնահատելը առանց այդ էլ պահանջում են գերմարդկային ջանքեր, իսկ առկա բազմազան խնդիրներն ու բացթողումները միայն խորացնում են իրավիճակը:
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի համահիմնադիր, հատուկ մանկավարժ Սուսաննա Դավթյանը շեշտեց՝ եթե ցանկանում ենք հասկանալ, թե ինչու է ստեղծագործ միտքը բացակայում էսսեներում, պետք է անդրադառնանք հարցին, թե նախորդ տարիներին ինչպես է կազմակերպվել երեխաների կրթությունը և որոնք են հիմնական խնդիրները:
Քննարկման ընթացքում Անուշ Մարտիրոսյանը առանձնացրեց նաև գնահատման սանդղակի հետ կապված խնդիրը։ Նշեց, որ 2025 թվականի հունիսին գրված 95 էսսեի ուսումնասիրությամբ պարզվում է՝ ուսուցիչների մի մասն աշխատել է կրկնապատկված միավորներով, իսկ մյուս մասը՝ ոչ։ Այս իրավիճակը ցույց է տալիս, որ գնահատման միասնական ստանդարտի կիրառումը խնդրահարույց է եղել։ Թեև գնահատման ռուբրիկը սահմանված է 10 միավորով, ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ գնահատումը հաշվարկվել է 20 միավորի սանդղակով։ Սակայն, ինչպես ցույց են տալիս աշխատանքների ուսումնասիրությունը և տավուշցի ուսուցիչների հետ զրույցները, ոչ բոլոր ուսուցիչներն են պատշաճ կերպով տեղեկացված եղել, թե ինչպես և ինչ սանդղակով պետք է գնահատեն։ Սա, ըստ Անուշ Մարտիրոսյանի, պարզորոշ վկայում է, որ ուսուցիչներին ժամանակին և պատշաճ կարգով չեն տրվել անհրաժեշտ ցուցումները: Բացի այդ, «Մեդիան հանուն կրթության» ՀԿ ներկայացուցիչները վկայեցին, որ ուսուցիչների մի մասն ընդհանուր միավոր է նշանակել (գրականությունից և պատմությունից), մյուսները՝ առանձին են գնահատել, օրինակ՝ գրականության կամ պատմության իմացությունը, կան դեպքեր, երբ միայն մեկ առարկայի գնահատականն է նշվել: Մինչդեռ, խոսքը ինտեգրված էսսեի մասին է:
Հայոց լեզու և գրականություն դասավանդող, ավագ դպրոցի ուսուցիչ Անի Ազատյանը, որը «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի խնդրանքով նույնպես ուսումնասիրել է էսսեները, բացառեց այս պայմաններում խաչվող հասկացությունների գնահատման հնարավորությունը: Ուսուցչի պարզաբանմամբ, եթե խոսքը խաչվող հասկացությունների մասին է, ապա վերլուծական միտքը պետք է դրսևորվի պատմության և գրականության համատեղ, բովանդակային համատեքստում: Նա նկատեց, որ երեխաները հիմնականում արտագրել են տրված տեքստերից, որոնց հիմքով պետք է գրեին իրենց մտքերը:
Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը հետաքրքրվեց, թե ինչպես է էսսե գրել սովորեցնելը անդրադառնում ուսուցչի աշխատանքի վրա։
Նելլի Հայրապետյանը պատասխանեց, որ աշխատանքը հաճելի կլինի, եթե ազատ մտածողությունը զարգանա դեռևս առաջին դասարանից՝ աստիճանաբար հասնելով այն փուլին, երբ աշակերտն արդեն պատրաստ է էսսե գրել սովորելուն, ապա որոշ ժամանակ անց նոր միայն քննություն հանձնելուն։ Այլապես, ըստ ՄՀԿ համահիմնադիր ուսուցչի, էսսեի, խաչվող հասկացության, քննական մտածողության, ստեղծագործ երեխայի մասին խոսելն անիմաստ է:
Տեսչական մարմնի ղեկավարին հանդիպած ոսուցիչներն առաջարկեցին նախ ստուգել, թե քննություն ընդունող ուսուցիչներն իրենք կարո՞ղ են արդյոք էսսե գրել, հետո նոր մտածել երեխաներից բոլոր մարզերում էսսեի քննություն անցկացնելու մասին:
Վաղարշակ Մատիկյանը կարևոր համարեց պարզաբանելը, թե որոնք են բարձրաձայնված խնդիրների հիմնավոր պատճառները: Առաջարկեց քարտեզագրել խնդիրները՝ հասկանալու համար, թե ինչ մոտեցմամբ պետք է իրականացվի վերահսկողությունը։ ՀՀ կրթության տեսչության պետն ասաց, որ բարձրաձայնված խնդիրները կարժանան պատշաճ ուշադրության։
Վաղարշակ Մատիկյանը ընդգծեց քաղաքացիական հասարակության վերահսկողության կարևորությունը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել քննարկումները։