Սեպտեմբերի 16-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ներքո իրականացված «Կանայք առանց թիրախավորման» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ «Հաջողակ կին» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր քննարկում՝ նվիրված սոցիալական աջակցության ծրագրերի հասանելիությանը, առկա խնդիրներին և հնարավոր լուծումներին։
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը։ Նա անդրադարձավ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի հիմնական նպատակներին, ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին և սոցիալական ոլորտում ՔՀԿ-ների կողմից իրականացվող հետազոտությունների ու շահերի պաշտպանության նախաձեռնությունների կարևորությանը։
Հանդիպման ընթացքում «Կանայք առանց թիրախավորման» ենթադրամաշնորհային ծրագրի ղեկավար Հռիփսիմե Քոչարյանը ներկայացրեց իրականացված ուսումնասիրության հիմնական նպատակներն ու արդյունքները։ Ուսումնասիրության համաձայն՝ սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու հարցում կանանց համար առկա են մի շարք խոչընդոտներ՝ ծրագրերի վերաբերյալ տեղեկացվածության պակասից մինչև դիմելու ընթացակարգերի և անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված դժվարություններ։
Ծրագրի փորձագետ Աստղիկ Մատինյանն անդրադարձավ նաև աշխատաշուկայում կանանց առջև ծառացած խնդիրներին՝ առանձնացնելով հատկապես 35–45 տարեկան կանանց աշխատաշուկա վերաինտեգրվելու դժվարությունները։ Նա կարևորեց նաև մարզերում սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը և առաջնային օղակներում աշխատող մասնագետների՝ սոցիալական աշխատողների, բժիշկների, հոգեբանների և կրթական ոլորտի ներկայացուցիչների, համապատասխան տեղեկատվությամբ ապահովումը։
Քննարկման ընթացքում ընդգծվեց հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող հետազոտությունների, վերլուծությունների և առաջարկությունների կարևորությունը՝ սոցիալական աջակցության համակարգում առկա խնդիրների բացահայտման և հնարավոր լուծումների ձևավորման գործում։
Հանդիպման մասնակիցները ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ սոցիալական աջակցության ծրագրերի հասանելիությունն ու արդյունավետությունը բարելավելու նպատակով։
