«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա ՀԿ-ի կողմից իրականացվող «Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում պետություն-ՔՀԿ-ներ համագործակցությանն ուղղված շահերի պաշտպանություն» ենթադրամաշնորհային ծրագրի արդյունքների ներկայացման միջոցառումը։
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, մարզային ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, ոլորտային փորձագետներ և ֆերմերներ։
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիայի նախագահ Արման Ղազարյանը, ով ողջունեց մասնակիցներին և կարևորեց գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների բացահայտման, շահառուների կարիքների վերհանման և տարբեր շահագրգիռ կողմերի միջև համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքը։
Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը։ Նա անդրադարձավ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի հիմնական նպատակներին, ծրագրի շրջանակներում իրականացվող ենթադրամաշնորհային ծրագրերի ուղղություններին և արձանագրված արդյունքներին՝ ընդգծելով ՔՀԿ-ների մասնակցության և շահերի պաշտպանության կարևորությունը հանրային քաղաքականությունների ու բյուջետային գործընթացների բարելավման գործում։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքները, վեր հանված խնդիրներն ու գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի հավանական շահառուների առջև ծառացած հիմնական խոչընդոտները։
Ծրագրի նպատակն էր բացահայտել գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի հավանական շահառուների խնդիրներն ու խոչընդոտները, մշակել դրանց մեղմմանն ուղղված առաջարկություններ և խթանել պետություն-ՔՀԿ համագործակցությունը՝ ոլորտի քաղաքականությունների և աջակցության ծրագրերի առավել արդյունավետ իրականացման համար։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև բազմակողմանի քննարկում, որի շրջանակներում մասնակիցները ներկայացրեցին իրենց դիտարկումները, առաջարկություններն ու փորձը։
Առաջիկայում կներկայացնենք իրականացված հետազոտության և մշակված առաջարկությունների կարևորագույն կետերը։
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում պետություն-ՔՀԿ-ներ համագործակցությանն ուղղված շահերի պաշտպանություն» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
