Սեպտեմբերի 11-ին կայացավ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում իրականացվող «Սննդի անվտանգության բյուջեի և ռիսկերի առաջարկություններ․ Պարենային անվտանգություն՝ թռչնամիս» ենթադրամաշնորհային ծրագրի ամփոփիչ միջոցառումը։
Միջոցառումը բացման խոսքով հանդես եկավ ՓՄՁ Ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին քննարկմանը մասնակցելու և ոլորտի կարևոր հարցերի շուրջ իրենց դիտարկումներն ու մասնագիտական փորձը ներկայացնելու համար։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ներկայացուցիչ Անահիտ Մարդոյանը։ Իր խոսքում նա անդրադարձավ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի հիմնական նպատակներին, իրականացված աշխատանքներին և ծրագրի շրջանակներում արձանագրված արդյունքներին։
Քննարկման ընթացքում ներկայացվեց «Սննդի անվտանգության բյուջեի և ռիսկերի առաջարկություններ․ Պարենային անվտանգություն՝ թռչնամիս» փաստաթուղթը, որն անդրադառնում է սննդամթերքի անվտանգության և թռչնամսի ոլորտում առկա խնդիրներին ու հնարավոր լուծումներին։
Մասնավորապես, քննարկվեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տարեկան բյուջեի ձևավորման և ծախսման արդյունավետության գնահատման հետ կապված հարցերը, ինչպես նաև ոլորտի ֆինանսավորման արդյունավետության բարձրացման հնարավորությունները։
Առանձին անդրադարձ կատարվեց ներմուծվող թռչնամսից կախվածության նվազեցման և տեղական արտադրության զարգացման հեռանկարներին՝ հաշվի առնելով պարենային անվտանգության ապահովման և ոլորտի կայուն զարգացման անհրաժեշտությունը։
Քննարկմանը մասնակցեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ ֆինանսների նախարարության, ՓՄՁ Ասոցիացիայի, ոլորտային միությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ ուղղված սննդամթերքի անվտանգության քաղաքականությունների և համապատասխան բյուջետային գործընթացների արդյունավետության բարելավմանը։
