Մեկնարկում է ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացը

2026-01-19 13:33

Սույն թվականի հունվարի 8-ին ՀՀ վարչապետի N 8-Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացը։ Որոշմամբ սահմանվել է նաև ՀՀ 2027–2029 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ ներառյալ 2028 և 2029 թվականների ծախսային ուղղությունների և եկամուտների կանխատեսումները։

Հաստատված ժամանակացույցի համաձայն՝ առաջիկա տարվա բյուջետային հայտերի մշակման շրջանակում հայտատու պետական մարմինները պետք է մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ քննարկումների կազմակերպման մասին հայտարարությունները։ Քննարկումները քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ նախատեսվում է իրականացնել մինչև 2026 թվականի հունիսի 1-ը։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումը բյուջեի մշակման գործընթացում միտված է ապահովելու թափանցիկություն, հանրային մասնակցություն և հաշվետվողականություն՝ նպաստելով պետական բյուջեի ծրագրերի առավել արդյունավետ և որակյալ ձևավորմանը։

This site is registered on wpml.org as a development site.