Ամփոփվել են պետական գնումների թափանցիկության խթանմանն ուղղված ուսումնասիրության արդյունքները

2026-09-28 11:56

2026 թվականի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ համաժողով՝ նվիրված «Բյուջեի արդյունավետ կառավարման և պետական գնումների թափանցիկության խթանում» ենթադրամաշնորհային ծրագրի արդյունքների ներկայացմանն ու քննարկմանը։ Ծրագիրն իրականացվել է «Արդարության տուն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում։
Բացման խոսքով հանդես եկավ «Արդարության տուն» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Թերեզա Գալստյանը, ով ներկայացրեց ծրագրի նպատակներն ու ուսումնասիրության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով պետական գնումների գործընթացների, պայմանագրերի կառավարման, բյուջետային ծախսերի արդյունավետության և պայմանագրի արդյունքի միջև կապի վերլուծության կարևորությունը։ Նա կարևորեց նման ուսումնասիրությունների դերը՝ որպես հանրային հսկողության և պետական կառավարման բարելավման արդյունավետ գործիք։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ներկայացուցիչ, «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շահերի պաշտպանության փորձագետ` Սյուզաննա Սողոմոնյանը։ Նա ներկայացրեց ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընդհանուր տրամաբանությունը՝ ընդգծելով քաղաքացիական հասարակության մասնակցության և պետական մարմինների հետ կառուցողական համագործակցության կարևորությունը բյուջետային գործընթացներում։
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգի սպասարկման բաժնի պետ Գոռ Մեհրաբյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ Ալիկ Հովհաննիսյանը, ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ ներկայացուցիչ՝ Սամվել Սարգսյանը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչներ՝ Մարգարիտա Պողոսյանն ու Նաիրա Կարապետյանը, ՀՀ պետական վերահսկողական ծառայության ներկայացուցիչ՝ Արամ Գասպարյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ՝ Արաքսի Սիրեկանյանը, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ՝ Էդիտա Սիմոնյանը, Հասմիկ Պապյանը, Լարիսա Աղաջանյանը, Էլեն Քեղինյանը, Տաթևիկ Մանուկյանը, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչ՝ Կարինե Բեգանյանը, ՀՀ Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչ՝ Սուրեն Սաֆարյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչ՝ Գագիկ Խանդանյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչ՝ Գոհար Խաչատրյանը, Վարդենիսի համայնքապետարանի ներկայացուցիչներ՝ Աշոտ Բարսեղյանը, Սեյրան Գրիգորյանը, Սևանի համայնքապետարանի ներկայացուցիչ՝ Արտակ Ավետիսյանը, ինչպես քաղհասարակության այլ ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում «Արդարության տուն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Թերեզա Գալստյանը ներկայացրեց 2023-2025 թթ ՀՀ պետական և ՏԻՄ կողմից իրականացված պետական գնումների և այլ ձեռքբերումների գործընթացների վերաբերյալ բացահայտված հիմնական դիտարկումները, մտահոգությունները և դրանց կարգավորմանն ուղղված առաջարկությունները։
Ծրագրի շրջանակներում ՀՀ 10 մարզերում ուսումնասիրվել են 2025-2026 թվականներին իրականացված ավելի քան 30 պետական գնման ընթացակարգեր և դրանց հիման վրա կնքված պայմանագրեր։ Ուսումնասիրության առանձնահատուկ ուղղություններից է եղել թափառող կենդանիների վնասազերծման՝ ստերիլիզացման և ամլացման ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքների կողմից կազմակերպված պետական գնումների օրինականության, պայմանագրերի կատարման և դրանց արդյունքների ընդունման գործընթացների ուսումնասիրությունը։
Կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք կրկնվող և համակարգային բնույթի խնդիրներ։ Մասնավորապես, տարբեր համայնքներում նույնաբնույթ ծառայությունների ձեռքբերման համար կիրառվել են տարբեր գնման ընթացակարգեր և CPV դասակարգիչներ, իսկ ծառայությունների համար չի գործել միասնական և բավարար չափով հստակ տեխնիկական բնութագիր։
Տեխնիկական բնութագրերում մի շարք դեպքերում բացակայել են այնպիսի չափելի և ստուգելի չափորոշիչներ, որոնց կիրառմամբ հնարավոր կլիներ հետագայում փաստացի հաստատել ծառայության իրականացումը, դրա ծավալը և որակը։ Արդյունքում պայմանագրերի կատարման և ծառայությունների ընդունման փուլում որոշ դեպքերում պատվիրատուների տրամադրության տակ չեն եղել ծառայության փաստացի կատարման բավարար ապացույցներ։
Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել են նաև դեպքեր, երբ մասնակիցների կողմից ներկայացված փաստաթղթերի և տվյալների արժանահավատության վերաբերյալ առաջացել են հիմնավոր հարցադրումներ, սակայն պատվիրատուների ներկայացուցիչների կողմից տրվել են դրական եզրակացություններ, ծառայություններն ընդունվել են, և դրանց դիմաց կատարվել են վճարումներ։
Այս համատեքստում ծրագրի ուսումնասիրությունները վեր են հանում ոչ միայն առանձին պայմանագրերի կատարման հետ կապված խնդիրներ, այլև պետական պատվիրատուների կողմից պայմանագրի արդյունքի ընդունման և վերահսկման համակարգային թերություններ։ Մասնավորապես, արձանագրվել են մարդկային և մասնագիտական ռեսուրսների պակասի, գնումների ոլորտում ներգրավված աշխատակիցների գիտելիքների սահմանափակության և անգամ սեփական վերահսկողական լիազորությունների վերաբերյալ ոչ բավարար տեղեկացվածության դեպքեր։
Որոշ համայնքներում հայտնաբերվել են ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ, 283-րդ, 307-րդ և 441-րդ հոդվածներով նախատեսված ենթադրյալ արարքների հատկանիշներ, ինչով պայմանավորված՝ ՀՀ իրավապահ մարմիններին ուղարկվել են համապատասխան հաղորդումներ՝ առերևույթ հանցանքների մասին, Պետական վերահսկողության ծառայության հետ ակտիվ համագործակցությամբ նաև նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Ուսումնասիրությունների հիման վրա կազմակերպությունը ներկայացրել է մի շարք համակարգային առաջարկություններ։
Առաջին հերթին առաջարկվում է կատարելագործել պետական գնումների ոլորտում հանրային հսկողության մեխանիզմը՝ օրենսդրորեն նախատեսելով լիազորված մարմնի համապատասխան ցանկում ընդգրկված հասարակական կազմակերպությունների մասնակցության հնարավորություն գնումների ամբողջ գործընթացում՝ հայտարարության հրապարակումից մինչև պայմանագրի վերջնական կատարումը։
Երկրորդ կարևոր ուղղությունը պետական գնումների համակարգի կադրային ներուժի զարգացումն է։ Առաջարկվում է գնահատել գնումներ իրականացնող ստորաբաժանումների կադրային ապահովվածությունը, անհրաժեշտության դեպքում ավելացնել մասնագետների թիվը և ներդնել շարունակական պարտադիր վերապատրաստման համակարգ։ Վերապատրաստումները պետք է ընդգրկեն ոչ միայն գնումների օրենսդրությունը, այլև գնումների պլանավորումը, տեխնիկական բնութագրերի կազմումը, հայտերի գնահատումը, պայմանագրերի կառավարումն ու պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողությունը։
Երրորդ ուղղությամբ առաջարկվում է կատարելագործել պետական և հանրային վերահսկողության փոխգործակցության մեխանիզմները՝ հատկապես ՀՀ ՊՎԾ վերահսկողական լիազորությունների փոփոխման պայմաններում ապահովելով հանրային հսկողության արդյունքում ներկայացված նյութերի ուսումնասիրության, հնարավոր խախտումների գնահատման և դրանց նկատմամբ արձագանքման արդյունավետ ընթացակարգեր։
Առաջարկվում է նաև մշակել տեխնիկական բնութագրերի կազմման միասնական մեթոդական ուղեցույցներ՝ սահմանելով չափելի և ստուգելի պահանջներ, շուկայի նախնական ուսումնասիրության մոտեցումներ և մրցակցությունը սահմանափակող ձևակերպումների բացառման չափանիշներ։
Մեկ այլ առանցքային առաջարկ է պետական գնումների վերահսկողությունը չսահմանափակել միայն ընթացակարգային օրինականության ստուգմամբ, այլ ներդնել մեխանիզմներ, որոնց միջոցով կգնահատվի նաև պայմանագրով ձեռք բերված վերջնական արդյունքը։ Այս նպատակով առաջարկվում է իրականացնել պայմանագրերի կատարման ընտրանքային ստուգումներ, պարբերաբար վերլուծել բնորոշ խախտումներն ու ռիսկերը և ստացված արդյունքներն օգտագործել պատվիրատուների ու մատակարարների գործունեության գնահատման գործընթացում։
Բարձրացվել է նաև գնումների ոլորտում հնարավոր չարաշահումների վերաբերյալ միասնական վիճակագրության բացակայության խնդիրը։ Կազմակերպության գնահատմամբ՝ նախաքննական և դատական համապատասխան պրակտիկայի համակարգված վիճակագրության բացակայությունը դժվարացնում է ոլորտային ռիսկերի գնահատումը և կանխարգելման արդյունավետ քաղաքականության մշակումը։
Ներկայացված առաջարկությունների վերաբերյալ պետական մարմինների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին տրամադրել գրավոր պատասխաններ, ինչպես նաև քննարկել դրանց ներառումը առաջիկայում մշակվող համապատասխան նախագծերում։

This site is registered on wpml.org as a development site.