Ապրիլի 15-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ 2027–2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) նախագծի, ներառյալ՝ 2027 թվականի պետական բյուջեի մշակման աշխատանքների շրջանակում բյուջետային հայտերի վերաբերյալ հանրային քննարկում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ։
Քննարկմանը մասնակցում էին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհային ծրագրեր իրականացնող «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ն՝ ի դեմս երիտասարդ մասնագետ Յուրա Մարտիրոսյանի, և «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն՝ երիտասարդ բյուջետային մասնագետ Նանե Մխիթարյանի։
Քննարկման ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից առաջիկա տարիների համար նախատեսվող հիմնական օրակարգային հարցերն ու ծրագրային ուղղությունները, այդ թվում՝ պետական պարտքի կառավարումը, հանրային ֆինանսների կառավարման քաղաքականության մշակումը և մոնիթորինգը, ֆինանսական ոլորտի մասնագետների պատրաստումը, պետական գնումների գործընթացի կարգավորումն ու համակարգումը։ Անդրադարձ կատարվեց նաև պետական պարտքի կառուցվածքի և կայունության, պարտքի բեռի ու ռիսկերի գնահատման, բյուջետային ծրագրերի պլանավորման և մոնիթորինգի մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև պետական գնումների թափանցիկության, սոցիալական ծախսերի նպատակային բաշխման և դրանց արդյունավետության բարձրացման հարցերին։
Հարցուպատասխանի ձևաչափով ընթացած քննարկումների ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց դիտարկումներն ու առաջարկությունները, ինչպես նաև ստանալու պարզաբանումներ պատասխանատու մարմնի ներկայացուցիչներից։ Քննարկման շրջանակում ընդգծվեց նաև ֆինանսական թեմաներով լրագրողական կարողությունների զարգացման կարևորությունը՝ հանրային ֆինանսների վերաբերյալ առավել որակյալ և հասկանալի տեղեկատվության տարածման տեսանկյունից։
Միաժամանակ, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից ապահովվել էր շուրջ 6 քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների մասնակցությունը՝ նպաստելով գործընթացի ներառականության և հանրային մասնակցության ընդլայնմանը։
Նման հանրային քննարկումները կարևոր հարթակ են պետություն–քաղաքացիական հասարակություն երկխոսության ամրապնդման, հանրային ֆինանսների կառավարման գործընթացների թափանցիկության և մասնակցային կառավարման մշակույթի զարգացման համար։
