«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում իրականացվող ենթադրամաշնորհային ծրագրի՝ թիրախային ուղղություններով շահերի պաշտպանության քարոզարշավ իրականացնելու նպատակով, «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնի ներկայացուցիչները մասնակցել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ՀՀ 2027–2029թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հանրային քննարկմանը։ Քննարկմանը «Կոմպասս» ՀԿ-ի անունից մասնակցել են ծրագրի ղեկավար Նելլի Վարդանյանը, բյուջետային փորձագետ Ղարիբ Հարությունյանը, ՀԿ խորհրդի անդամ Կարեն Պետրոսյանը, երիտասարդ մասնագետ Լիլիթ Դավթյանը և ՀԿ-ի կամավոր Դալար Գազանճեանը։
Քննարկման շրջանակներում ներկայացվել են առաջարկություններ և դիտողություններ՝ ուղղված բարձրագույն կրթության համակարգի արդյունավետության, մատչելիության և արդիականացման բարձրացմանը։ Մասնավորապես, առաջարկվել է խթանել բուհերի ինստիտուցիոնալ և ենթակառուցվածքային զարգացումը, ներդնել նորարարական տեխնոլոգիաների և բուհական կրթության թվային վերափոխման ազգային ծրագրեր, ինչպես նաև զարգացնել արհեստական բանականության և թվային օրակարգի կիրառումը կրթական համակարգում։Առաջարկություններ են ներկայացվել նաև կրթական և գիտական արդյունքների առևտրայնացման, մասնագիտական չափորոշիչների արդիականացման և կրթական ծրագրերի՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցման ուղղությամբ՝ հաշվի առնելով 2030 թվականի աշխատաշուկայի զարգացման միտումները։Ներկայացված առաջարկություններն ընդունվել են ի գիտություն՝ հետագա քննարկման և դիտարկման նպատակով։
