Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում Երևանում տեղի ունեցավ բյուջետային գործընթացում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կողմից իրականացված շահերի պաշտպանության արշավների արդյունքների ներկայացման և քննարկման աշխատաժողովը։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին բյուջետային գործընթացում թիրախային ոլորտների շահերի պաշտպանությանն ուղղված գործողությունները, արձանագրված ձեռքբերումներն ու ծրագրային արդյունքները։
Ջատագովության ուղղությամբ իրականացված ծրագրերի մասին խոսեց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը ։
«Ծրագրի շրջանակներում, ջատագովության ոլորտում տրամադրվել է 17 դրամաշնորհ, ծրագիրը իրականացվում է չորս ոլորտներում՝ արդարադատություն, կրթություն, սոցիալական աջակցություն և գյուղատնտեսութուն։ 17 դրամաշնորհների շրջանակներում ծրագրեր են իրականացվել Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Երևանում։ Բացի նշված 17-ից, Ծրագրի ընթացքում տրամադրել ենք նաև 12 մշտադիտարկման և պարզեցված բյուջեների մշակման համար դրամաշնորհներ։ Աշխատանքները իրականացվել են տարբեր մեխանիզմներով՝ պետական մարմինների, փորձագիտական համայնքի, քաղաքացիական հասարակության հետ հանդիպումների, քննարկումների, ինչպես նաև ջատագովության արշավների տեսքով»,- նշեց Կարեն Զադոյանը։
Առանձնացվեց Տնտեսական իրավունքի կենտրոնի կատարած աշխատանքը։ Թիմը արդյունավետ գործունեության և հետևողական ջանքերի շնորհիվ զգալի բարեփոխումներ են իրականացվել երկրի բյուջետային գործընթացներում։ Կենտրոնի փորձագիտական թիմի կողմից մշակված 132 ռազմավարական առաջարկներից 84-ն արդեն իսկ պաշտոնապես ընդունվել և կյանքի են կոչվել։
«Առաջինը վարչապետի 2026 թվականի հունվարի ուրեմն որոշումն Էր բյուջետային հայտերի քննարկման մասին, որտեղ պարոն Արտակեսյանի առաջարկով այդ քննարկումները մի քանի օրից դարձան երկու ամիս»,- հավելեց ծրագրի ղեկավարը։
Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը ներկայացրեց ծրագրի արդյունքները։
«Այսօր ավելի շատ երիտասարդ մասնագետներ և քաղաքացիական հասարակության կառույցներ կարող են որոշակիորեն մասնակցել բյուջետային գործընթացին։ Ծրագրի շրջանակում ստեղծվել է բյուջետային գիտելիքի փոխանակման և ուսուցման կայքը, որտեղ ներկայացված են մատչելի տեղեկություններ բյուջեի մասին։ Հաջորդ քայլը բյուջեի պարզեցումն է, որի ընթացքում հնարավորություն ենք տվել հասարակությանը հասկանալ՝ Կառավարությունը ինչպիսի քաղաքականություն էր նախատեսում իրականացնել, ինչ ծրագրերի միջոցով, ինչ ռեսուրսներ են ծախսվում ինչպիսի արդյունքների համար և այլն»,- ասաց Կարինե Հարությունյանը։
Ծրագրի շրջանակում վերհանված մարտահրավերների, խնդիրների, գրանցված արդյունքների ընդհանուր ներկայացմամբ հանդես եկավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը։
Նրա խոսքով,-«Ջատագովության աշխատանքներ են տարվել արդարադատության, կրթության, հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունման, ինքնազբաղվածության խթանման, սննդի անվտանգության և այլ հարցերով»։ Այնուհետև, հակիրճ ներկայացրեց գրանցած հաջողությունները։
Աշխատաժողովի ընթացքում ենթադրամաշնորհային ծրագրերի ներկայացուցիչները ներկայացրեցին իրականացված ծրագրերի մանրամասն արդյունքներն ու ազդեցությունը՝ անդրադառնալով նաև հիմնական մարտահրավերներին և քաղված դասերին։
«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նորկայացուցիչ Սուսաննա Եղիազարյանը ներկայացրեց բյուջետային գործընթացի վերաբերյալ իրականացված աշխատանքների արդյունքները՝ առանձնացնելով պետական մարմինների մոտեցումներում արձանագրված խնդիրներն ու բարելավման հնարավորությունները։
Ելույթով հանդես եկավ նաև «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ ներկայացուցիչ Լիլիա Խաչատրյանը։ Ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունն անդրադարձել է դոկտորական կրթության կրեդիտային համակարգի արդյունավետությանը․ ուսումնասիրության հիման վրա մշակվել են առաջարկներ՝ այն ավելի ճկուն, արդյունավետ և հետազոտողների կարիքներին համապատասխան դարձնելու նպատակով։
«Բիզնես և կրթություն ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչ Ալինա Տոնյանն էլ հայտնեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ իրականացրած շահերի պաշտպանության ծրագրի շրջանակում ուսումնասիրել է բյուջետային տեղեկատվությունը, գնահատել ՔՀԿ-ների կարիքներն ու պետական ծրագրերի ցուցանիշները։ Ուսումնասիրության արդյունքում նախարարությանը ներկայացվել է 40 փաստարկված առաջարկ, որոնցից 21-ն ամբողջությամբ ընդունվել է, 12-ը՝ ընդունվել ի գիտություն, իսկ 7-ը՝ չի ընդունվել։
«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ ներկայացուցիչը ներկայացրեց, որ ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ուղղված են եղել սննդամթերքի անվտանգության ոլորտում բարեփոխումների խթանմանը․ ուսումնասիրվել են ոլորտային և բյուջետային փաստաթղթերը, իրականացվել են սպառողների և պետական մարմինների շրջանում հարցումներ, իսկ արդյունքների հիման վրա մշակվել է ոլորտի բարեփոխումների ռազմավարություն։
Իրականացված ծրագրերի մանրամասն արդյունքների ամփոփումից հետո ներկաները հարցուպատասխանի ձևաճափով քննարկեցին մտահոգությունները։
«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մովսես Արիստակեսյանը կարևորեց պետական մարմինների հետ կառուցողական համագործակցության արդյունքում արձանագրված արդյունքները՝ նշելով, որ ծրագրի շրջանակում չորս փորձագետներ յոթ ոլորտների վերաբերյալ ներկայացրել են 132 առաջարկ, որոնցից շուրջ 65 տոկոսն ընդունվել է։ Նա ընդգծեց նաև ՔՀԿ-ների մասնակցությամբ բյուջետային գործընթացի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ առաջարկելով դրա համար պետական բյուջեում նախատեսել նպատակային ծրագիր։
«Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության (ՀԿ) ղեկավար Հակոբ Ավագյանն էլ իր հերթին առաջարկեց ՔՀԿ-ների միջև ավելի սերտ համագործակցություն և միասնական հարթակի շուրջ միավորում՝ նշելով, որ տարբեր կազմակերպությունների կողմից ներկայացվող առաջարկներն առավել ազդեցիկ կլինեն, եթե դրանք ներկայացվեն համատեղ և մի քանի տասնյակ ՀԿ-ների աջակցությամբ։
Միջոցառմանը մասնակցեցին պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ։ Քննարկման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հարցուպատասխանի և մտքերի փոխանակման միջոցով անդրադառնալու ներկայացված արդյունքներին ու ոլորտային հարցերին։
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի մասին
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն իրականացվում է 2022 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 7-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) համագործակցությամբ։
