2026 թվականի հունվարի 15-ին տեղի ունեցավ համաժողով՝ նվիրված «ՀՀ արդարադատության նախարարության 2024 թվականի բյուջետային հատկացումների և դրանց հաշվին կատարված պետական գնումների միջև համադրական վերլուծություն» ենթադրամաշնորհային ծրագրի արդյունքների ներկայացմանն ու քննարկմանը։ Ծրագիրն իրականացվել է «Արդարության տուն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում։
Համաժողովի ընթացքում քննարկման առանցքում էին ՀՀ արդարադատության նախարարության պետական գնումների գործընթացները, դրանց համապատասխանությունը բյուջետային հատկացումներին, ինչպես նաև պետական միջոցների օգտագործման թափանցիկության, արդյունավետության և հաշվետվողականության ապահովման հարցերը։
Բացման խոսքով հանդես եկավ «Արդարության տուն» իրավապաշտպան ՀԿ-ի ղեկավար Թերեզա Գալստյանը, ով ներկայացրեց ծրագրի նպատակներն ու ուսումնասիրության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով պետական գնումների գործընթացների, պայմանագրերի կառուցվածքի, բյուջետային պլանավորման և կատարողականի միջև կապի վերլուծության կարևորությունը։ Նա կարևորեց նման ուսումնասիրությունների դերը՝ որպես հանրային վերահսկողության և պետական կառավարման բարելավման արդյունավետ գործիք։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը։ Նա ներկայացրեց ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընդհանուր տրամաբանությունը՝ ընդգծելով քաղաքացիական հասարակության մասնակցության և պետական մարմինների հետ կառուցողական համագործակցության կարևորությունը բյուջետային գործընթացներում։ Կարեն Զադոյանը հատկապես կարևորեց երիտասարդ մասնագետների ներգրավումն ու կարողությունների զարգացումը՝ պետական բյուջեի, բյուջետային վերահսկողության և հանրային հաշվետվողականության ոլորտներում մասնագիտական ներուժ ձևավորելու նպատակով։
Կարեն Զադոյանը կարևորեց նաև ծրագրի շրջանակում ձևավորված առաջարկությունների դերը՝ նշելով, որ դրանք անհրաժեշտ է ձևակերպել համակարգված և թիրախային կերպով՝ ներկայացնելու ոլորտային իրավասու պետական մարմիններին՝ որպես հանրային վերահսկողության և քաղաքականությունների բարելավման գործնական հիմք։
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարության Գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը, ով ընդգծեց պետական գնումների ոլորտում վերլուծական աշխատանքների և մասնագիտական քննարկումների նշանակությունը՝ պետական միջոցների արդյունավետ և նպատակային օգտագործումն ապահովելու համատեքստում։
Համաժողովին ՀՀ արդարադատության նախարարությունից մասնակցում էին Գնումների կազմակերպման և տեղեկատվական ապահովման վարչության գնումների կազմակերպման բաժնի պետ Անի Ահարոնյանը և Ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր տնտեսագետ Ոսկի Ֆռանգուլյանը։
Ծրագրի երիտասարդ մասնագետ Անի Խաչատրյանը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարության բյուջեի կառուցվածքը 2022–2024 թվականների համար, ինչպես նաև նախարարության ընդհանուր բյուջեի, կնքված պետական պայմանագրերի ծավալների և պետական գնումների գծով փաստացի կատարված ծախսերի դինամիկան նշված ժամանակահատվածում։
Համաժողովի եզրափակիչ հատվածում տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում անդրադարձ կատարվեց պետական գնումների թափանցիկությանը, պայմանագրերի կնքման և կատարման արդյունավետությանը, ինչպես նաև պետական միջոցների նկատմամբ հանրային վերահսկողության մեխանիզմների ամրապնդման հնարավորություններին։ Քննարկման արդյունքում ներկայացվեցին մի շարք կառուցողական առաջարկություններ՝ ուղղված արդարադատության ոլորտում պետական գնումների քաղաքականության բարելավմանն ու հաշվետվողականության բարձրացմանը։
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Արդարության տուն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ արդարադատության նախարարության 2024 թվականի բյուջետային հատկացումների և դրանց հաշվին կատարված պետական գնումների միջև համադրական վերլուծություն» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Արդարության տուն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
