Ներկայացվեցին «Խելացի բյուջե» ծրագրի շրջանակում իրականացված մոնիթորինգի արդյունքները

2026-01-16 09:52

Հունվարի 13-ին կայացավ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած՝ «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Խելացի բյուջե» ենթադրամաշնորհային ծրագրի միջոցառումը։

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Անասնաբուծության վարչության գլխավոր մասնագետ Լիաննա Սարգսյանը, ՀՀ Կոտայքի մարզպետարանի Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության վարչության գլխավոր մասնագետ Ռուզաննա Մարտիրոսյանը, Կոտայքի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ներկայացուցիչ Արտակ Սարիբեկյանը, ինչպես նաև կամավորներ, ուսանողներ և ֆերմերներ։

Միջոցառումը մեկնարկեց ողջույնի խոսքով, որով հանդես եկան «Խելացի բյուջե» ենթադրամաշնորհային ծրագրի ղեկավար Անահիտ Թովմասյանը, «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ներկայացուցիչ Արտակ Սարիբեկյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Անասնաբուծության վարչության գլխավոր մասնագետ Լիաննա Սարգսյանը։ Նրանք կարևորեցին քաղաքացիական հասարակության, պետական կառույցների և ոլորտի շահառուների համագործակցության դերը անասնաբուծության ոլորտում բյուջետային գործընթացների թափանցիկության, արդյունավետության և հաշվետվողականության բարձրացման գործում։

Միջոցառման ընթացքում ծրագրում ներգրավված փորձագետները ներկայացրեցին ծրագրի հիմնական ձեռքբերումները, իրականացված մոնիթորինգի արդյունքները և անասնաբուծության ոլորտի բարելավմանն ուղղված առաջարկները։ Միաժամանակ ներկա ֆերմերները բարձրաձայնեցին ոլորտում առկա խնդիրներն ու իրենց մտահոգությունները՝ ներկայացնելով գործնական առաջարկներ անասնաբուծության ոլորտի զարգացման ուղղությամբ։

Միջոցառումը դարձավ կարևոր հարթակ՝ քննարկելու, թե ինչպես կարող է քաղաքացիական վերահսկողությունն ու մասնակցությունը նպաստել անասնաբուծության ոլորտում ավելի արդյունավետ, թիրախային և հանրային կարիքներին համապատասխան պետական քաղաքականության ձևավորմանը։

Սույն միջոցառումն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող  «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում  «Շենացնենք մեր գյուղը» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Խելացի բյուջե»  ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում  «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

This site is registered on wpml.org as a development site.