ԲԿԱ ՀԿ-ն ամփոփիչ միջոցառմամբ ներկայացրեց սոցիալական աջակցության ոլորտի 2025–2026 թթ․ բյուջեի մոնիթորինգի արդյունքները

2026-01-15 20:00

«Բիզնես և Կրթություն Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԲԿԱ ՀԿ) «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում հաջողությամբ իրականացրեց «Սոցիալական աջակցության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծության իրականացում» ենթադրամաշնորհային ծրագիրը։
Ծրագրի ամփոփիչ միջոցառումը կայացավ հունվարի 13-ին, որի ընթացքում ներկայացվեցին սոցիալական աջակցության ոլորտի բյուջետային գործընթացների թափանցիկության և հանրային վերահսկողության բարձրացմանն ուղղված ծրագրի հիմնական արդյունքները։
Միջոցառումը բացման խոսքով մեկնարկեց ԲԿԱ ՀԿ-ի նախագահ, «Սոցիալական աջակցության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծության իրականացում» ենթադրամաշնորհային ծրագրի ղեկավար Մարինե Ժամկոչյանը՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը սոցիալական քաղաքականության արդյունավետության և հաշվետվողականության բարձրացման համատեքստում։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը՝ ներկայացնելով ծրագրի շրջանակներում իրականացված հիմնական աշխատանքներն ու ձեռքբերումները։ Նա ընդգծեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացման կարևորությունը բյուջետային ոլորտում, ինչպես նաև երիտասարդ մասնագետների ներգրավումը բյուջեի մոնիթորինգի և վերլուծության գործընթացներում։ Կարեն Զադոյանը կարևորեց սոցիալական աջակցության ոլորտում իրականացված ենթադրամաշնորհային ծրագրի նշանակությունը՝ նշելով, որ նման նախաձեռնությունները նպաստում են ոլորտային քաղաքականությունների ավելի թափանցիկ և փաստարկված ձևավորմանը։ Նա նաև շեշտեց, որ ՔՀԿ-ների կողմից մշակված առաջարկները անհրաժեշտ է ներկայացնել առավել թիրախային և պետական մարմինների համար կիրառելի ձևաչափով, ինչը հնարավորություն կտա կառուցողական երկխոսության և արդյունավետ շահերի պաշտպանության միջոցով հասնել իրական փոփոխությունների։
Միջոցառման ընթացքում ԲԿԱ ՀԿ-ի երիտասարդ մասնագետ Արմինե Գրիգորյանը ներկայացրեց Սոցիալական աջակցության ոլորտի 2025–2026 թվականների պարզեցված բյուջեն, որը նպատակ ունի նպաստել քաղհասարակության տեղեկացվածությունն ու խթանել մասնակցությունը բյուջետային գործընթացներին։ Այնուհետև ծրագրի փորձագետ Սուսաննա Եղիազարյանը ներկայացրեց ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացված բյուջեի մոնիթորինգի և վերլուծության ամփոփ արդյունքները, ինչպես նաև ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և անկախ փորձագետների շրջանում իրականացված հարցման արդյունքների վերլուծությունը։
Ամփոփիչ միջոցառմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ծրագրի իրականացմամբ ԲԿԱ ՀԿ-ն ևս մեկ քայլ կատարեց՝ նպաստելով սոցիալական աջակցության ոլորտում բյուջետային գործընթացների թափանցիկության, հանրային մասնակցության և տեղեկացվածության բարձրացմանը։
Միջոցառումը եզրափակվեց մասնակիցների ակտիվ քննարկումներով և նեթվորքինգով:

© Սույն տեղեկատվական նյութը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Բիզնես և Կրթություն Ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալական աջակցության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծության իրականացում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Բիզնես և Կրթություն Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

This site is registered on wpml.org as a development site.