Կայացավ հետբուհական կրթության և սննդի անվտանգության ոլորտների բյուջեների մշտադիտարկան ծրագրերի համատեղ ամփոփիչ միջոցառումը

2026-01-09 20:41

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում հունվարի 9-ին տեղի ունեցավ «Հետբուհական կրթությունը բյուջեի լեզվով․ ֆինանսական թափանցիկություն և հաշվետվողականություն» և «Սննդի անվտանգության վերահսկողության 2024 թվականի բյուջեի վերլուծություն, պարզեցված բյուջե» ենթադրամաշնորհային ծրագրերի ամփոփիչ հանրային միջոցառումը։

Համատեղ միջոցառման ընթացքում ենթադրամաշնորհային ծրագրերն իրականացնող կազմակերպությունների՝ «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» և «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրեցին ծրագրերի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, բացահայտված քաղաքականության խնդիրները, ինչպես նաև դրանց բարելավմանն ուղղված առաջարկները։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը։

Նա «Բյուջեներ քաղաքացիների համար» ներկայացրեց ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները՝ ընդգծելով ՔՀԿ-ների բյուջետային ոլորտի կարողությունների զարգացումը և բյուջետային ոլորտի երիտասարդ մասնագետների վերապատրաստումը։ Վերջիններս ներգրավվել են ենթադրամաշնորհներ իրականացնող ՔՀԿ-ներում՝ իրականացնելով կրթության, արդարադատության, սոցիալական աջակցության և գյուղատնտեսության ոլորտների բյուջետային ծրագրերի վերլուծություն, մշտադիտարկում և պարզեված բյուջեների պատրաստում։

Կարեն Զադոյանը հատուկ կարևորեց «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» և «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների կողմից կրթության և գյուղատնտեսության ոլորտներում իրականացրած ծրագրերը։ Նա առաջարկեց, որ ծրագրերի իրականացման արդյունքում ենթադրամաշնորհներ իրականացնող ՔՀԿ-ների կողմից ոլորտային հանրային քաղաքականությունների բարելավման իրենց առաջարկները անհրաժեշտ է ձևակերպել առավել թիրախային և ոլորտային իրավասու պետական մարմինների համար հասկանալի ու ընդունելի ձևով։ Սա հնարավորություն կտա կառուցողական երկխոսության ձևաչափով, արդյունավետ և փաստարկված շահերի պաշտպանության արշավների իրականացման միջոցով հասնել առաջարկների իրականացմանը

«Հետբուհական կրթությունը բյուջեի լեզվով․ ֆինանսական թափանցիկություն և հաշվետվողականություն» ծրագրի հիմնական նպատակն էր խթանել բուհական և հետբուհական կրթության ոլորտում ֆինանսական թափանցիկությունը, բյուջետային հաշվետվողականությունը և հանրային մասնակցությունը։ «Սննդի անվտանգության վերահսկողության 2024 թվականի բյուջեի վերլուծություն, պարզեցված բյուջե» ծրագրի  նպատակն էր պարզ և հասկանալի ձևով ներկայացնել Սննդի անվտանգության տեսչական մարմնի 2024 թվականի բյուջեն, բարձրացնել բյուջետային թափանցիկությունը, ինչպես նաև գնահատել բյուջետային պլանավորման և կատարողականի արդյունավետությունը՝ ոլորտային քաղաքականության բարելավման տեսանկյունից։

Միջոցառման առաջին մասում «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի ներկայացուցիչները ներկայացրեցին ծրագրի հիմնական ուղղությունները և իրականացված միջոցառումները։ Քննարկվեցին բարձրագույն և հետբուհական կրթության բյուջեի ցուցանիշները 2020–2024 թվականներին, ինչպես նաև տվյալ ժամանակահատվածում արձանագրված բյուջետային շեղումները։ Անդրադարձ կատարվեց նաև ոլորտում առկա իրավիճակին՝ ներառյալ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փոփոխությունները և կառավարման մեխանիզմները, ներկայացվեցին առկա խնդիրներն ու դրանց լուծման առաջարկները։

Միջոցառման երկրորդ մասում «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչները ներկայացրեցին «Սննդի անվտանգության վերահսկողության 2024 թվականի բյուջեի վերլուծություն, պարզեցված բյուջե» ենթադրամաշնորհային ծրագրի արդյունքները։

Ներկայացման ընթացքում անդրադարձ կատարվեց Սննդի անվտանգության տեսչական մարմնի 2024 թվականի պլանավորված տարեկան բյուջեին, դրանում կատարված փոփոխություններին և բյուջեի կատարողականի ցուցանիշներին։ Առանձնակի շեշտադրում կատարվեց ՀՀ ներմուծվող մսամթերքի, մասնավորապես՝ թռչնամսի սահմանային վերահսկողությանը և դրա արդյունավետությանը։ Ներկայացվեցին նաև խնդիրներ և առաջարկություններ՝ կապված տեսչական մարմնի ստուգումների ռիսկայնության չափորոշիչների, տարեկան բյուջեի ձևավորման, աշխատավարձի ֆոնդի, ինչպես նաև բյուջեի կատարողականի արդյունավետությունը գնահատող ցուցանիշների հետ։

Միջոցառումն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով՝ ապահովելով հարց ու պատասխանների հնարավորություն, ինչը մասնակիցներին թույլ տվեց բարձրաձայնելու իրենց դիտարկումները և ստանալու մասնագիտական պարզաբանումներ։

Միջոցառման մասնակիցները՝ բուհերի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, փորձագիտական համայնքի և ոլորտային պետական կառույցների ներկայացուցիչները, իրենց հարցադրումներն ու դիտարկումներն արեցին ներկայացված ուսումնասիրությունների առնչությամբ և կարևորեցին կատարված աշխատանքը։

«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» և «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները կամփոփեն միջոցառման ընթացքում հնչած դիտարկումներն ու առաջարկությունները՝ դրանք ներառելով վերջնական զեկույցներում։

 

This site is registered on wpml.org as a development site.