Կայացավ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի Ղեկավար կոմիտեի 3-րդ նիստը

2025-12-11 10:02

Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի Ղեկավար կոմիտեի 3-րդ նիստը։ Նիստին մասնակցում էին Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ Վարչապետի աշխատակազմի, ինչպես նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի, «ՀԿ կենտրոն» ՀԿ–ի, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի, «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ–ի, ինչպես նաև ծրագրի գործադիր ու փորձագիտական թիմերի ներկայացուցիչները։
Նիստի ընթացքում ներկայացվեցին ծրագրի 3-րդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքներն ու ձեռք բերված արդյունքները։ Քննարկվեցին ծրագրի ընդհանուր նպատակներն ու թիրախային ուղղությունները, ինչպես նաև budgets.am էլեկտրոնային հարթակի գործունեությունը։ Մանրամասն ներկայացվեցին երիտասարդ մասնագետների և ՔՀԿ/ԶԼՄ-ների համար կազմակերպված բյուջետային ուսուցման երկու փուլերը և դրանց արդյունավետ արդյունքները։ Ներկայացվեցին նաև ծրագրի տրամաբանական աղյուսակում ամրագրված ցուցիչները։
Նիստի երկրորդ մասում քննարկվեցին հաղորդակցման, տեսանելիության և իրազեկման բաղադրիչները։ Այս համատեքստում կարևորություն տրվեց ծրագրի տեսանելիության բարձրացմանը և արդյունավետ հաղորդակցության ներուժի կիրառմանը։
Ամփոփիչ հատվածում ներկայացվեցին ծրագրի 4-րդ տարվա նախատեսվող աշխատանքները, որոնց առանցքում լինելու են շահերի պաշտպանության արշավները։ Ներկայացվեցին նաև առաջիկա սեմինարները՝ ՔՀԿ-ների կողմից իրականացված մշտադիտարկումների և շահերի պաշտպանության արդյունքները ներկայացնելու նպատակով, ինչպես նաև թիրախային ՔՀԿ-ների վերջնական գնահատումների անցկացումը։
Նիստի մասնակիցները բարձր գնահատեցին ծրագրի ընթացքն ու ձեռքբերումները՝ ընդգծելով իրականացված աշխատանքների շարունակականության և համակարգված կազմակերպման կարևորությունը։

This site is registered on wpml.org as a development site.