2025թ․-ին ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված է շուրջ 905.6 մլրդ դրամ, ինչը կազմում է պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 26.3%-ը։
Սոցիալական պաշտպանության ոլորտը շարունակում է պահպանել գերակա դիրքը պետական քաղաքականությունում, որի հիմնական նպատակներեն են երկրում աղքատության մակարդակի էական կրճատումը, ժողովրդագրական իրավիճակի բարելավումը և ՀՀ բնակչության առանձին խմբերի համար սոցիալական երաշխիքների ապահովումը։ Սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվող ֆինանսավորումն աճման միտում ունի։
Սոցիալական պաշտպանության ծախսերը 2025թ․ նախատեսվում է ուղղել մի քանի հիմնական ուղղություններով, որոնցից յուրաքանչյուրն իր առանձնահատուկ նշանակությունն ունի հանրային բարեկեցության ապահովման գործընթացում։
Ամենամեծ բաժինն ուղղվում է կենսաթոշակային ապահովությանը (1102)․ այս նպատակով նախատեսված է 560.3 մլրդ դրամ, ինչը կազմում է ընդհանուր ծախսերի շուրջ 61.9 տոկոսը։
Երկրորդ խոշոր ուղղությունը սոցիալական ապահովությունն է (1205), որի շրջանակում նախատեսված է 122.7 մլրդ դրամ կամ ընդհանուր ծախսերի 13.5 տոկոսը։ Այս միջոցներն ուղղվում են նպաստների տրամադրմանը և սոցիալական աջակցության այլ ծրագրերի իրականացմանը՝ նպատակ ունենալով մեղմել խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական խնդիրները։
Մոտ 80.1 մլրդ դրամ կամ ընդհանուր ծախսերի 8.8 տոկոս նախատեսվում է ուղղել ժողովրդագրական վիճակի բարելավմանը (1068), 142.6 մլրդ դրամ՝ այլ ծրագրերի, որոնցից են՝ ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման նպատակով առանջին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցություն, սոցիալական աջակցություն անապահովության դեպքում, անապահով և կյանքի դժվարին իրավիճակում սոցիալական խմբերին աջակցություն, զբաղվածության և այլ ծրագրեր։

