«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում «Բիզնես և կրթություն Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ ԲԿԱ ՀԿ) 2025–2026 թվականներին իրականացրել է «Սոցիալական աջակցության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծության իրականացում» ենթադրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակներում ուսումնասիրվել են սոցիալական աջակցության ոլորտի ծրագրային բյուջետավորման առանձնահատկությունները, գնահատվել են 1011 «Անապահով և կյանքի դժվարին իրավիճակում սոցիալական խմբերին աջակցություն» բյուջետային ծրագրի միջոցառումները և արդյունքային ցուցանիշները, ինչպես նաև մշակվել են ոլորտի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ։
Սույն ամփոփագիրը ներկայացնում է այդ գործընթացի հիմնական արդյունքները։ Այն արտացոլում է նաև սոցիալական աջակցության ոլորտի 2027 թվականի բյուջետային հայտի աշխատանքային քննարկումների շրջանակներում ներկայացված առաջարկությունների վերաբերյալ պետական մարմինների դիրքորոշումները, դրանց ընդունման աստիճանը, հիմնական հիմնավորումները և այն հարցերը, որոնք շարունակում են պահանջել լրացուցիչ մասնագիտական քննարկումներ և համակարգային բարեփոխումներ։
