Ծրագրային հանդիպում ենթադրամաշնորհառուների հետ․ մասնակցային բյուջետավորման նոր հեռանկարներ

2025-05-08 08:42

2025 թվականի մայիսի 6-ին՝ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ամփոփիչ հանդիպում ենթադրամաշնորհային ծրագրերի ներկայացուցիչների հետ։ Թիրախային ուղղություններով բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացնելու նպատակով ենթադրամաշնորհային ծրագրերի ներկայացուցիչները և ենթադրամաշնորհային ծրագրերում ներգրավված երիտասարդ մասնագետները ներկայացրեցին իրենց ծրագրային արդյունքները։

Հանդիպման մեկնարկին ներկաներին ողջունեց «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ով բարձր գնահատեց ենթադրամաշնորհառուների ջանքերը մասնակցային բյուջետավորման մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքում և նշեց դրա կարևորությունը քաղաքացիական հասարակության զարգացման գործում:

Ենթադրամաշնորհային ծրագրերի ներկայացուցիչները մանրամասն անդրադարձան իրենց ծրագրերի հիմնական նպատակներին, ընթացքին և ձեռքբերումներին: Նրանք քննարկեցին նաև ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները՝ կիսվելով արժեքավոր փորձով և գործնական օրինակներով: Յուրաքանչյուր ներկայացում ցույց տվեց, թե ինչպես է թիրախային ուղղություններով բյուջեի մոնիթորինգն ու վերլուծությունը կարող է նպաստել հանրային քաղաքականության բարելավմանը: Ծրագրի արդյունքները, այդ թվում զեկույցներն ու վերլուծությունները ներկայացվելու են նաև իրավասու մարմիններին քննարկմանն ու դիտարկման՝ ոլորտային բարելավումների իրականացման նպատակով։

Հատկանշական էր, որ ծրագրերի արդյունքում մասնակիցներին հաջողվել է ոչ միայն բացահայտել բյուջետային գործընթացում առկա հիմնախնդիրները, այլև ակտիվորեն մասնակցել ծրագրի թիրախային ոլորտների 2025 թվականի բյուջետային հայտերի հանրային քննարկումներին: Ծրագրերի ներկայացուցիչները կազմել և պատկան մարմիններին են ներկայացրել բյուջետային հայտերի վերաբերյալ իրենց առաջարկությունները գրավոր տեսքով։

Ներկայացումներին հաջորդեց քննարկում, որի ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց փորձով և ձեռքբերումներով: Բոլոր մասնակիցները միաձայն ընդգծեցին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի կարևորությունը մասնակցային բյուջետավորման մակարդակի բարձրացման գործում և խոսեցին բյուջեի մոնիթորինգի արդյունքում բացահայտված հիմնախնդիրների մասին, որոնք առաջիկայում կդառնան շահերի պաշտպանության արշավների հիմք:

Նշենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում թիրախային ուղղություններով բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացնելու նպատակով ենթադրամաշնորհներ են տրամադրվել հետևյալ ծրագրերին՝

  • «Կրթության ծախսեր / քննադատական մտածողության որակ»՝ իրականացնող՝ «Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպություն
  • «Համընդհանուր ներառում․ պետական ներդրումների արդյունավետություն և հաշվետվողականություն»՝ իրականացնող՝ «Լուսաստղ» հասարակական կազմակերպություն
  • «Բյուջե 360»՝ իրականացնող՝ «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինսիտուտների ամրապնդման հասարակական կազմակերպություն
  • «Արդարադատության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացում»` իրականացնող՝«Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպություն

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ:

This site is registered on wpml.org as a development site.