Բյուջետային գործընթացում շահերի պաշտպանության ռազմավարություններին և մարտահրավերներին նվիրված հերթական դասընթացը տեղի ունեցավ 2025 թվականի մարտի 26-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում: Ուսուցման երկրորդ հոսքի երիտասարդ մասնագետները և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն ստացան խորամուխ լինել բյուջետային հարցերի ջատագովության գործիքների և դրանց կիրառման նրբությունների մեջ:
Դասընթացը վարեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը, ով մանրամասն ներկայացրեց բյուջետային շահերի պաշտպանության արդյունավետ գործիքները և դրանց կիրառման առանձնահատկությունները: Դասախոսն անդրադարձավ այն հիմնական սկզբունքներին, որոնք կարող են ապահովել շահերի պաշտպանության նախաձեռնությունների հաջողությունը, ինչպես նաև վերլուծեց տարածված սխալները, որոնք հաճախ հանգեցնում են ձախողման:
Դասընթացի ընթացքում կարևորվեց, որ շահերի պաշտպանության արդյունավետությունը մեծապես կախված է գործընթացի ճիշտ կազմակերպումից և շահագրգիռ կողմերի միջև արդյունավետ համագործակցությունից: Հատուկ ուշադրություն դարձվեց հասարակական մշտադիտարկման (մոնիտորինգի) նպատակների վրա, որը հանդիսանում է շահերի պաշտպանության կարևորագույն գործիքներից մեկը: Մասնակիցները քննարկեցին, նաև թե ինչպես կարելի է համայնքային մակարդակում մասնակցային գործընթացն արդյունավետ կազմակերպել՝ անցնելով մի շարք հաջորդական փուլերով:
Ներկայացվեցին նաև տարբեր շահագրգիռ կողմերի միջև համագործակցության մեխանիզմները, որոնք էական նշանակություն ունեն բյուջետային գործընթացում շահերի պաշտպանության հաջողության համար: Մասնակիցները ծանոթացան, թե ինչպես կարելի է համագործակցային կամուրջներ կառուցել պետական մարմինների, ՔՀԿ-ների և քաղաքացիների միջև:
Տեսական մասին հաջորդեց ինտերակտիվ գործնական աշխատանքը, որի նպատակն էր ծանոթացնել մասնակիցներին բյուջետային գործընթացներում շահերի պաշտպանության հիմնական գործիքներին և օգնել զարգացնել հմտություններ դրանց կիրառման համար:
Դասընթացն անցկացվեց հիբրիդային ձևաչափով, ինչը հնարավորություն տվեց ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից մասնակիցներին՝ լիարժեք մասնակցել քննարկումներին և խմբային աշխատանքներին:
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: