2025 թվականի ապրիլի 4-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հյուրընկալեց «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում իրականացվող բյուջետային ուսումնական ծրագրի երկորոդ հոսքի երիտասարդ մասնագետներին և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչներին։ Այցի ընթացքում բյուջետային ուսումնական ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու նախարարության ֆինանսական քաղաքականությանը և բյուջետային գործընթացներին։
Հանդիպման մեկնարկին մասնակիցներին ողջունեց նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Մարիամ Սարգսյանը՝ բարձր գնահատելով նախաձեռությունը և մաղթեց արդյունավետ քննարկում։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանն ընդգծեց ծրագրի նպատակները՝ նշելով, որ այն ուղղված է հանրային վերահսկողության ուժեղացմանը և թափանցիկության բարձրացմանը պետական ֆինանսների կառավարման գործում։
Հաջորդիվ, տիկին Սարգսյանը և ՀՀ ԱՆ ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Զառա Մարգարյանը մասնակիցներին մանրամասն ներկայացրին արդարադատության ոլորտի բյուջետային բոլոր ծրագրերը, անդրադարձավ դրանց շրջանակներում իրականացվող միջոցառումներին, ինչպես նաև խոսեց ծրագրերի առաջնահերթություններից և ռազմավարական նպատակներից։
Քննարկման ընթացքում մասնակիցները բարձրացրին կարևոր հարցեր՝ կապված միջազգային ֆինանսավորման հեռանկարների, բյուջետային հայտերի քննարկումներին հանրային մասնակցության բարձրացման մեխանիզմների և ոլորտային բյուջետավորման փոփոխությունների հետ։
«Բլեջան» բնապահպանական ՀԿ-ի ներկայացուցիչ Սիլվա Այվազյանը հատկապես շեշտեց ՔՀԿ-ների ներգրավման կարևորությունը բյուջետային հայտերի քննարկման գործընթացում։
Արդարադատության նախարարության ներկայացուցիչները կարևորեցին նմանատիպ նախաձեռնությունները և հույս հայտնեցին, որ նման հանդիպումները կնպաստեն քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությանը բյուջետային քաղաքականության ձևավորման գործընթացում։
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն իրականացվում է 2022թ. դեկտեմբերի 8-ից մինչև 2026թ. դեկտեմբերի 7-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Ծրագրի գործընկերներն են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն և չեխական «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն: