ՀՀ ազգային ժողովում կայացավ հանդիպում երիտասարդ մասնագետների և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ

2025-04-11 15:53

2025 թվականի ապրիլի 9-ին՝ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած բյուջետային ոլորտի երիտասարդ մասնագետները և ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային ուսումնական ծրագրի երկրորդ հոսքի շրջանակներում երկրորդ հոսքի մասնակիցները այցելեցին Ազգային ժողով՝ ծանոթանալու ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների գործունեությանը և նրանց դերը պետական բյուջեի կազմման ու քննարկման գործընթացում:

ՀՀ ԱԺ այցի ընթացքում  մասնակիցների հետ հանդիպում ունեցան ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անուշ Քլոյանը և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը:

Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ԻՀԱ ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը, ով ներկայացրեց «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի նպատակը և դերը մասնակցային բյուջետավորման զարգացման գործում:

Քննարկման ընթացքում հանձնաժողովների անդամները ներկայացրեցին իրենց հանձնաժողովների գործունեությունը և դերը պետական բյուջեի կազմման ու քննարկման գործընթացում: Մասնակիցները բարձրացրին հարցեր, որոնք վերաբերում էին հանրային ֆինանսներին, բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատմանը և քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը:

Երիտասարդ մասնագետներին և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրեցին բյուջետային քննարկումների ընթացակարգերի, մասնավորապես՝ մշտական հանձնաժողովների կողմից ոլորտային բյուջետային հայտերի քննարկման մեխանիզմների և գլխադասային հանձնաժողովի հետ նրանց աշխատանքի վերաբերյալ հարցերը։

Հնչեցին հարցեր նաև բյուջետային ծրագրերի վերջնական արդյունքների չափորոշիչների վերաբերյալ՝ ընդգծելով, որ տարիներ շարունակ որոշ ցուցանիշներում փոփոխություններ չեն լինում, չնայած այն հանգամանքի, որ տարիների ընթացքում տեղի են ունեցել զարգացումներ և պայմանների փոփոխություններ։

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ ներկայացուցիչները ողջունեցին ծրագրի նախաձեռնությունը, ինչպես նաև երիտասարդների և քաղհասարակության ակտիվ ներգրավվածությունը բյուջետային գործընթացի շրջանակներում տարբեր ոլորտային հարցերի քննարկմանը։

«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն իրականացվում է 2022թ. դեկտեմբերի 8-ից մինչև 2026թ. դեկտեմբերի 7-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Ծրագրի գործընկերներն են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն և չեխական «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն:

 

This site is registered on wpml.org as a development site.