Փետրվարի 25-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած երիտասարդ մասնագետների և ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային ուսումնական ծրագրերի երկրորդ հոսքի առկա դասընթացների փուլում մասնակիցներն այս անգամ խորացան հանրային բյուջեների վերլուծության ոլորտում։ Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի փորձագետ Լիլիթ Հակոբյանի գլխավորությամբ երիտասարդ մասնագետները և ՔՀԿ/ԶԼՄ-ների ներկայացուցիչները ստացան համապարփակ գիտելիքներ՝ զուգակցված գործնական առաջադրանքներով։
Դասընթացը ներառեց բյուջեի գործառական, գերատեսչական և տնտեսագիտական ծախսերի վերլուծության մեթոդները։ Կարևոր բաղադրիչ էին խմբային աշխատանքները, որտեղ մասնակիցները վերլուծեցին իրական բյուջեների օրինակներ և բացահայտեցին թվերի հետևում թաքնված իրական պատկերը։
Մասնակիցների գիտելիքների աճը չափվեց նախնական և վերջնական թեստավորման միջոցով՝ ցույց տալով դասընթացի արդյունավետությունը։
Հատկանշական է, որ դասընթացներն անցկացվեցին հիբրիդային ձևաչափով, ինչը թույլ տվեց հեռավոր մարզերի ներկայացուցիչներին նույնպես մասնակցել և ներդրում ունենալ ոլորտի բարելավման գործում։
Ուսումնական ծրագիրը շարունակում է իր աշխատանքները նոր դասընթացներով, որոնք ուղղված են բյուջետային ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացմանը։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: