«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց առցանց քննարկում, որի ընթացքում մասնակիցները անդրադարձան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների կայուն զարգացման հիմնական խնդիրներին ու դրանց հաղթահարման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը։ Հանդիպման ընթացքում նաև քննարկվեցին ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպված բյուջետային կարողությունների զարգացման առցանց դասընթացի հետ կապված հարցերը, մասնավորապես՝ կարիքահեն հարակից կարողությունների զարգացման մոդուլի վերաբերյալ։
Հանդիպմանը մասնակցեցին շուրջ 20 ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչներ, որոնք հաջողությամբ ավարտել են ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրի առցանց փուլը։
Քննարկումը վարեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը։ Հանդիպման ընթացքում մասնակիցները խորությամբ անդրադարձան կազմակերպությունների կայուն զարգացման առանցքային ուղղություններին՝ ներառյալ ֆինանսական կայունության ապահովման մեխանիզմները, մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու աշխատակազմի զարգացումը, ռազմավարական համագործակցության հաստատման հնարավորությունները, ռազմավարական պլանի մշակումը և ինքնագնահատման կազմակերպումը, և կազմակերպություններում գենդերային հավասարության խթանումը։
Մասնակիցները բարձր գնահատեցին ուսումնական նյութերի մատչելիությունը և ինտերակտիվ բնույթը: Քննարկման ընթացքում առաջ քաշվեցին գործնական օրինակներ և կիրառական լուծումներ, որոնք կօգնեն կազմակերպություններին բարելավել իրենց գործունեության արդյունավետությունը:
Հատկանշական է, որ ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչները ոչ միայն ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները, այլև կիսվեցին սեփական փորձով և առաջարկեցին նորարարական մոտեցումներ ոլորտի զարգացման համար:
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: