2025թ-ին Արդարադատության ոլորտի ծրագրերի իրականացման համար կտրամադրվի 75,2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 0,21 մլրդ դրամով կամ 0.3 տոկոսով:
Արդարադատության ոլորտում պետական քաղաքականությունը 2025թ.-ին կիրականացվի 16 բյուջետային ծրագրերի միջոցով, որոնցից 7-ը համակարգվում են Արդադատության նախարարության կողմից, 3-ը՝ Դատախազության, իսկ մյուս 6 Սահմանադրական անկախ և ինքնավար մարմինները (ՀՀ սահմանադրական դատարան, Բարձրագույն դատական խորհուրդ, Հակակոռուպցիոն կոմիտե, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Մարդու իրավունքների պաշպանի աշխատակազմ և Քննչական կոմիտե ) իրականացնում են մեկական ծրագիր։
Ֆինանսավորման ծավալներով Արդարադատության նախարարությունից հետո հաջորդող դիրքերում են Քննչական կոմիտեն, ԲԴԽ-ն և Դատախազությունը, համապատասխանաբար ոլորտում ծախսերի մեջ 25.2, 22.8 և 13.2 տոկոս կշիռներով։ ՀԿԿ-ին հատկացված բյուջետային միջոցները կազմում են ոլորտային ողջ բյուջետային ծախսերի 4.6 տոկոսը, համապատասխանաբար՝ Սահմանադրական դատարանի՝ 1.2, ՄԻՊ աշխատակազմի՝ 0.8 և ԿԿՀ-ի՝ 0.5 տոկոսը:
Արդարադատության ոլորտում իրականացվող ամենամեծ ծրագիրը ՀՀ քննչական կոմիտեի «ՀՀ քննչական ծառայություններ» ծրագիրն է, որին ուղղված է 18,9 մլրդ դրամ կամ էլ ոլորտային ողջ բյուջեի 25.2 տոկոսը։ Վերջինիս վրա նախատեսված ծախսերը նախորդ տարվա համեմատ կաճեն 8.7 տոկոսով։
Ըստ ֆինանսավորման ծավալների երկրորդ և երրրորդ տեղերում են ԲԴԽ-ի «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» ծրագիրը և ՀՀ Դատախազության «Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն» ծրագիրը, որոնց համապատասխանաբար հատկացվել են՝ 17,2 մլրդ դրամ և 9,3 մլրդ դրամ կամ ողջ ոլորտային բյուջեի 22.8 տոկոսը և 12.4 տոկոսը։
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արդարադատության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: