Կրթությունը՝ առաջնահերթություն. Վանաձորի 2024թ. կրթությանն ուղղվող բյուջեն կրկնապատկվել է

2025-02-13 09:25

Կրթությունը յուրաքանչյուր երկրի զարգացման կարևոր բաղկացուցիչներից է։ ՀՀ կառավարությունը շարունակաբար ընդգծում է դրա առաջնահերթությունը՝ տարեցտարի հետևողականորեն ավելացնելով կրթության ոլորտի ֆինանսավորումը։ Կրթական համակարգի ամրապնդմանն ուղղված քայլերը ներառում են ենթակառուցվածքների բարելավում, ուսումնական ծրագրերի կատարելագործում, ինչպես նաև մանկավարժների մասնագիտական զարգացման խթանում։ Այս գործընթացում դիտարկվում են տարբեր գործոններ՝ կրթության որակի բարձրացումից մինչև մատչելիության ապահովում, նպատակ ունենալով համընթաց քայլել միջազգային չափանիշների հետ։

Վերջին տարիներին կրթության ոլորտի ֆինանսավորման աճի միտում նկատվում է նաև Վանաձոր համայնքում, բացառություն է միայն 2022 թվականը, երբ նախորդ տարվա համեմատ նվազում է գրանցվել։ Վանաձոր համայնքի 2024 թվականի բյուջեի կրթության ոլորտին ուղղված ծախսերը (3.07 մլրդ դրամ) կազմում են բյուջեի ընդհանուր ծախսերի (6.82 մլրդ դրամ) 44,98%-ը։

2024 թվականին Վանաձոր համայնքի բյուջեից կրթության ոլորտին նախատեսվել է հատկացնել 3,07 մլրդ դրամ, ինչը տպավորիչ աճ է նախորդ տարվա համեմատ․ 2023 թվականին փաստացի հատկացվել էր 1,44 մլրդ դրամ։ Այսպիսով, 2024 թվականի պլանավորված ֆինանսավորումը մոտ 113.4%-ով գերազանցում է նախորդ տարվա փաստացի ֆինանսավորումը՝ վկայելով  կրթական ծրագրերի ու ենթակառուցվածքների զարգացման նկատմամբ համայնքի ուշադրության մասին։

Վանաձոր համայնքի 2024 թվականի կրթության ոլորտի բյուջեի վարչական մասը կազմել է 1,48 մլրդ դրամ, իսկ ֆոնդային մասը՝ 1,58 մլրդ դրամ։

2024 թվականի Վանաձոր համայնքի բյուջեի տարեկան հաստատված պլանով կրթությանը հատկացված ամբողջ ֆինանսավորման 56,5%-ը (1,73 դրամ) տրամադրվել է նախադպրոցական կրթությանը, 43,4%-ը (1,33 մլրդ դրամ)՝ արտադպրոցական կրթությանը, 0,065%-ը (2 մլն դրամ)՝ կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններին։

Այս ցուցանիշները վկայում են համայնքի հեռանկարային քաղաքականության մասին, որտեղ կրթությունը դիտարկվում է որպես առաջնահերթություն՝ ներդրում կատարելով ապագա սերնդի կայուն զարգացման և համայնքի ընդհանուր առաջընթացի մեջ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Ուղղակի Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Բյուջե 360°» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղղակի Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

This site is registered on wpml.org as a development site.