Իրազեկման հանդիպում Գավառի պետական համալսարանի ուսանողների հետ

2024-11-21 11:16

«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրը (Այսուհետ՝ Ծրագիր) վիրտուալ կամուրջ ստեղծեց մայրաքաղաքի և Գավառի միջև՝ կազմակերպելով առցանց իրազեկման սեմինար Գավառի պետական համալսարանի ուսանողների և դասախոսների համար։

Սեմինարի սկզբում ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանը՝ կարևորելով ուսանողների մասնակցությունը նման կրթական ծրագրերին, ողջունեց ծրագրային թիմին ծրագրի շրջանակներում շարունակական համագործակության համար և նշեց, որ համայնքների զարգացման համար կարևոր է ունենալ բյուջետային գործընթացներին տիրապետող երիտասարդ մասնագետներ։

Այնուհետև, Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ, Ծրագրի օգնական Անահիտ Մարդոյանը ներկայացրեց Ծրագրի կողմից ընձեռած հնարավորությունները, մինչ այժմ իրականացված քայլերը մասնակցային բյուջետավորման բարձրացման նպատակով, ինչպես նաև անդրադարձ կատարելով երիտասարդ մասնագետների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրի 1-ին հոսքի ուսումնառությանը՝ խոսեց դրա ընթացքից, և արդյունքներից։

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի փորձագետ Լիլիթ Հակոբյանը իր ելույթում ներկայացրեց, թե ինչպես կարող է ծրագիրը դառնալ մասնագիտական կարիերայի սկզբնակետ երիտասարդների համար։

Հատկապես ոգևորիչ էր ԳՊՀ ուսանողուհի, երիտասարդ մասնագետների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրի 1-ին հոսքի շրջանավարտ Սոնա Ավագյանի ելույթը։ Նա կիսվելով իր հաջողության պատմությամբ, նշեց, որ մարզերում ապրող երիտասարդները պետք է ավելի ակտիվ լինեն և օգտվեն նման հնարավորություններից։

Միջոցառման ավարտին ծավալվեց քննարկում, որի ընթացքում ուսանողները հետաքրքրվեցին ծրագրի մանրամասներով։

Բյուջետային ուսումնական ծրագրով հետաքրքրված ուսանողները կարող են մինչև սույն թվականի նոյեմբերի 30-ը գրանցվել այստեղ։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ:

 

This site is registered on wpml.org as a development site.