Տեղի ունեցավ «Էսսե՝ քննադատական մտածողությամբ» ծրագրի արդյունքների հանրային քննարկում

2026-01-16 14:24

Հունվարի 14-ին «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն /mediaforedu.am լրատվամիջոցը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ներկայացրեց «Էսսե՝ քննադատական մտածողությամբ» ծրագրի արդյունքները, որին հաջորդեց այդ արդյունքների հանրային քննարկում։

Ծրագիրն իրականացվել է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ՝ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում:

Ողջույնի խոսքով հանդես գալով՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ, «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց ծրագրի նպատակն ու դրա շրջանակում տարբեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ իրականացված աշխատանքները՝ ընդգծելով բյուջետային գործընթացների նկատմամբ գիտելիքի խորացման և քաղաքացիական կարողությունների զարգացման կարևորությունը։ Նա նաև կարևորեց «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի ներդրումն ու համագործակցությունը ծրագրի շրջանակում։

Ծրագրի ղեկավար Անուշ Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց Ծրագրի հետ համատեղ աշխատանքի համար՝ առանձնահատուկ ընդգծելով փորձի փոխանակման նշանակությունը։ Նա հատուկ անդրադարձ կատարեց հանրակրթության բյուջեի համեմատական ուսումնասիրություններին և կրթության որակին վերաբերող mediaforedu.am կայքի հրապարակային գործունեությանը։

«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն կրթության որակի կարևոր ցուցիչ է դիտարկում Տավուշի մարզում փորձարկված էսսե գրելու կարողությունը։ Կազմակերպության լրագրողական և ուսուցչական թիմերը երկու տարվա ընթացքում ուսումնասիրել են ավելի քան 150 էսսե՝ առանձնացնելով համակարգային խնդիրները։

Այդ խնդիրներին առանձին անդրադարձ կատարեց ՀԿ համահիմնադիր, ուսուցիչ Նելլի Հայրապետյանը՝ ներկայացնելով պետականորեն սահմանված չափորոշիչների կիրառման ընթացքում առկա խոչընդոտները, դրանցից բխող առաջարկները, որոնք մերժել է ԿԳՄՍ նախարարությունը։

ՀԿ համահիմնադիր, Ստոկհոլմի Վալդորֆյան դպրոցի ուսուցիչ, Ստոկհոլմի համալսարանի միջազգային և համեմատական կրթության մագիստրոս Լիլիթ Ավագյանը ներկայացրեց իր ուսումնասիրած միջազգային փորձը՝ ընդգծելով, որ ՀԿ առաջարկների մերժման հիմնավորումները ամենևին չեն համապատասխանում իր ուսումնասիրած ժողովրդավար երկրների կրթության ոլորտների զարգացման սկզբունքներին։ 

Հանրային քննարկմանը մասնակցում էր նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի ՀՊՉ և ՈՒԾ բաժնի պետ Գայանե Մկրտչյանը։ Լսելով նաև ամփոփմանը մասնակից այլ ՀԿ–ների, դպրոցների ղեկավարների, ուսուցիչների դժգոհություններն ու հարցադրումները՝ նա նշեց, որ ԿԶՆԱԿ-ը ևս համաձայն է  «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի այն դիտարկումներին, որ համակարգում առկա են խնդիրներ։

«Մեդիան հանուն կրթության» ՀԿ նախագահ Անուշ Մարտիրոսյանը հայտարարեց, որ թեև վեցամսյա ծրագիրն ավարտվել է, կազմակերպությունը շարունակելու է աշխատել ուսուցիչների բարձրաձայնած խնդիրների ուղղությամբ՝ մինչև դրանց ազդեցության վերջնական գնահատումը։

Ամփոփման ընթացքում ներկա ՀԿ-ներն ու փորձագետները հայտնեցին պատրաստակամություն՝ համատեղ ջանքերով խնդիրների լուծմանը նպաստելու համար։

Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Էսսե՝ քննադատական մտածողությամբ» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

https://drive.google.com/file/d/1LAG7XlEHYI1RIznES_4QtXU2aZOcAjoA/view 

This site is registered on wpml.org as a development site.