2026 թվականի հունվարի 12-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում տրամադրված «Նպատակը՝ փոփոխություն» ենթադրամաշնորհային ծրագրի արդյունքները և դրանց հանրային քննարկումը։
Միջոցառումն անցկացվեց երկու փուլով՝
- Ծրագրի շրջանակում ունեցած արդյունքների և արձանագրված խնդիրների ներկայացում
- Պանելային քննարկում՝ ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ
Միջոցառմանը ներկա էին Վանաձորի ավագանու անդամներ, մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչներ, մանկապարտեզների տնօրեններ և աշխատակիցներ, նախադպրոցական տարիքի երեխաների ծնողներ, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես եկավ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ Գևորգ Քոթանջյանը։
Այնուհետև, ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի և «Բյուջեներ՝ քաղաքացիների համար» ծրագրի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը։ Ելույթի շրջանակում նա ներկայացրեց «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի իրականացրած աշխատանքները՝ ընդգծելով, որ ծրագիրը նպաստել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և երիտասարդ մասնագետների կարողությունների համակարգային զարգացմանը՝ մասնավորապես բյուջետային գործընթացների ըմբռնման, մասնակցության և հանրային վերահսկողության ոլորտներում։
Ծրագրի արդյունքները, իրականացված հարցումները, դրանց հիման վրա կատարված վերլուծությունը և մշակված առաջարկությունները ներկայացրեց «Նպատակը՝ փոփոխություն» ծրագրի անդամ Արբակ Սարգսյանը։
Հարցուպատասխանից հետո տեղի ունեցավ պանելային քննարկումը, մոդերատորի կողմից հնչեցված հարցերին պատասխանեցին հրավիրված բանախոսները՝
- Վանաձոր համայնքի ՔՊ խմբակցության ավագանու անդամ Նոնա Հովհաննիսյանը,
- Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը,
- Ծրագրի իրավաբան Շուշանիկ Իսահակյանը,
- Ծրագրի կրթության փորձագետ Վահրամ Թոքմաջյանը։
Միջոցառումը հնարավորություն տվեց ներկայացնելու ծրագրի հիմնական արդյունքները, ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները՝ խթանելով մասնագիտական և հանրային բաց քննարկում։
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Ուղղակի Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Նպատակը փոփոխություն» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղղակի Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
