Վանաձորում տեղի ունեցավ սոցիալական ոլորտի բյուջետային վերլուծության արդյունքների ներկայացման հանրային քննարկումը

2026-01-13 20:52

Հունվարի 12-ին Վանաձորում տեղի ունեցավ հանրային քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջետային վերլուծության արդյունքները։ Միջոցառումն իրականացվեց «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում տրամադրված ենթադրամաշնորհային ծրագրի ներքո։ Քննարկման առանցքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ինտեգրման ենթաոլորտում բյուջետային թափանցիկության և հանրային մասնակցության բարելավման հարցերն էին։

Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզպետի աշխատակազմի և մարզի տարբեր համայնքապետարանների ներկայացուցիչներ, Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի գրասենյակի աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության զարգացման կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք։ Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկան ՀԿ Կենտրոնի դրամաշնորհների ղեկավար Սյուզան Հովսեփյանը։ 

Այնուհետև, ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը։ Իր խոսքում նա ներկայացրեց «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները՝ հատկապես կարևորելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և երիտասարդ մասնագետների բյուջետային գրագիտության և հարակից հմտությունների զարգացումը։

Այնուհետև ծրագրի բյուջետային ոլորտի երիտասարդ մասնագետ Նանե Մխիթարյանը ներկայացրեց իրականացված հետազոտության մանրամասները, որոնք ներառում էին 2024 և 2025 թվականների ինն ամիսների պետական բյուջեի վերլուծությունը։

Հանդիպման երկրորդ մասում անցկացվեց առաջարկների քննարկում։ Այս քննարկումը թույլ տվեց մասնակիցներին ակտիվորեն ներգրավվել ոլորտի խնդիրների վերհանման գործընթացում և մշակել գործնական առաջարկություններ, որոնք ուղղված են սոցիալական աջակցության ծրագրերի բարելավմանը։ Հավաքագրված առաջարկությունները մշակված զեկույցի հետ միասին կներկայացվեն իրավասու պետական կառույցներին՝ ոլորտում դրական փոփոխություններ նախաձեռնելու նպատակով։

 

Սույն միջոցառումն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող  «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Բյուջետային վերլուծություն սոցիալական ոլորտում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ՀԿ Կենտրոն հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

This site is registered on wpml.org as a development site.