Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում հունվարի 9-ին տեղի ունեցավ «Արդարադատության ոլորտում շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում» ենթադրամաշնորհային ծրագրի հանրային քննարկումը, որն իրականացվում է «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից։
Հանրային քննարկմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության ոլորտի հակակոռուպցիոն մարմինների, ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի աշխատակազմերի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի անկախ փորձագետներ։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Մովսես Արիստակեսյանը, ով ներկայացրեց «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացված «Արդարադատության ոլորտում շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում» ենթադրամաշնորհային ծրագրի արդյունքները։
Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը։ Իր խոսքում նա ներկայացրեց «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները՝ ընդգծելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացումը բյուջետային ոլորտում, ինչպես նաև բյուջետային գործընթացներին ներգրավված երիտասարդ մասնագետների վերապատրաստման կարևորությունը։ Նա ընդգծեց ծրագրի շրջանակում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների բյուջետային կարողությունների զարգացումը և արդարադատության ոլորտի բյուջետային ծրագրերի վերլուծության ուղղությամբ կատարված աշխատանքների կարևորությունը։
Կարեն Զադոյանը կարևորեց «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից «Արդարադատության ոլորտում շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում ոլորտային պատկան մարմինների հետ ունեցած արդյունավետ գործընկերությունն ու ձեռք բերած արդյունքները։
Միջոցառման ընթացքում ենթադրամաշնորհային ծրագրի ղեկավար Սուսաննա Եղիազարյանը ներկայացրեց «Արդարադատության ոլորտում շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում ենթադրամաշնորհային ծրագրի արդյունքների ամփոփում» զեկույցը` խոսելով ծրագրի շրջանակում իրականացված ուսումնասիրություններից, շահերի պաշտպանության կատարման ընթացքից, ինչպես նաև արձանագրված հիմնական արդյունքներից։ Մասնավորապես անդրադարձ կատարվեց արդարադատության ոլորտի պետական մարմինների բյուջետային ծրագրերի կառուցվածքին, պլանավորման և կատարողականի խնդիրներին, ծրագրային բյուջետավորման մեթոդաբանության կիրառմանը, ինչպես նաև արդյունքային ցուցանիշների ձևակերպման և գնահատման պրակտիկային։
Քննարկվեցին նաև բյուջետային գործընթացում քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվամիջոցների մասնակցության մակարդակը, հակակոռուպցիոն մարմինների գործունեության թափանցիկության բարձրացման հնարավորությունները, ինչպես նաև շահերի պաշտպանության մեխանիզմների արդյունավետությունը պետական կառավարման համակարգում։ Առանձնակի ուշադրություն դարձվեց բյուջետային հայտերի ռազմավարական մասերի բարելավման անհրաժեշտությանը և առաջարկությունների ընդունման գործընթացին։
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ ակտիվ հարց ու պատասխան և մտքերի կառուցողական փոխանակում, որի ընթացքում մասնակիցները բարձրաձայնեցին ոլորտային խնդիրներ, ներկայացրեցին դիտարկումներ և առաջարկություններ՝ ուղղված պետական բյուջետային քաղաքականության բարելավմանը։
