«Արդարադատության ոլորտի բյուջեի թափանցիկություն և հանրային մասնակցության  խթանում»  թեմայով քննարկում

2025-11-24 14:59

Նոյեմբերի 7-ին «Նոր Էտապ» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանրային առցանց քննարկում, որը նվիրված էր արդարադատության ոլորտի բյուջեի թափանցիկությանը և հակակոռուպցիոն կրթության բյուջետային գործընթացներին հանրային մասնակցության խթանմանը։ Հանդիպման նպատակն էր նպաստել ոլորտում արձանագրված թերությունների պարզաբանմանը, վերլուծել ներկայիս բյուջետային գործընթացները և քննարկել բարեփոխումների հնարավոր մեխանիզմները, ինչպես նաև ստեղծել հարթակ՝ պետական կառույցների և փորձագիտական խմբերի արդյունավետ երկխոսության համար։

Քննարկմանը մասնակցեցին պետական կառույցների ներկայացուցիչներ՝

  • ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից
  • ՀՀ արդարադատության նախարարությունից
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին 2024թ-ի արդարադատության ոլորտի բյուջեի մանրակրկիտ վերլուծության արդյունքները։ Վերհանվեցին հակակոռուպցիոն կրթության ոլորտում արձանագրված թերությունները։

Մասնակիցները հանդես եկան արձանագրված խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկներով՝ շեշտը դնելով թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետ բյուջետային կառավարման վրա։

«Նոր Էտապ» ՀԿ-ի ներկայացուցիչները ներկայացրեցին կազմակերպության փորձը՝ ընդգծելով հանրային ներգրավվածության և խորհրդատվական մեխանիզմների կարևորությունը հակակոռուպցիոն կրթության ոլորտում առաջընթացի  արձանագրման համար։ Կազմակերպության ներկայացուցիչները հանդես եկան կրթական և իրազեկման միջոցառումների, թվային գործիքների և մոնիտորինգի մեխանիզմների ներդնմամբ ոլորտը բարեփոխելու առաջարկներով։

Ամփոփելով՝ մասնակիցները համաձայնության եկան հետագա համագործակցության, քննարկված առաջարկների իրագործման և ոլորտի բարեփոխումների վերահսկողության մեխանիզմների մշակման վերաբերյալ։

Սույն միջոցառումը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Նոր Էտապ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արդարադատության ոլորտի բյուջեի վերլուծության հիման վրա շահերի պաշտպանություն և հանրային քննարկում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Նոր Էտապ» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

This site is registered on wpml.org as a development site.