Վանաձորում կայացավ «Լուսաստղ» հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնված հանրային ֆորումը՝ «Ու՞մ դիմել, երբ համակարգը լռում է» խորագրով։
Միջոցառումը կազմակերպվել էր «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ենթադրամաշնորհային աջակցության շրջանակներում և միտված էր ընդգծելու ներառական կրթության ոլորտում արձագանքման և քաղաքացիական վերահսկողության գործիքների բացակայությունը։ Ֆորումին մասնակցել են Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի դպրոցների ուսուցիչներ, ՏՄԱԿ և ՀՄԿ մասնագետներ, ծնողներ, նեղ մասնագետներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Մասնակիցների լայն ընդգրկումը հնարավորություն է տվել քննարկելու խնդիրը տարբեր դիտանկյուններից՝ քաղաքականությունից մինչև դպրոցի առօրյա մակարդակ։
Ֆորումը մեկնարկել է վավերագրական պատմությունների ցուցադրությամբ, որտեղ ծնողներն ու ուսուցիչները ներկայացրել են իրական իրավիճակներ՝ երբ կրթական համակարգը չի արձագանքում երեխայի կարիքներին։ Այնուհետև մասնակիցները բաց քննարկման ձևաչափով խոսել են, թե ինչու է ձևավորվում այդ լռությունը և ինչպես կարելի է այն հաղթահարել։
Ֆորումի կարևոր հատվածը դարձել է խմբային աշխատանքը՝ «Ինչպիսին պետք է լինի արձագանքման գործիքը» թեմայով։
Մասնակիցները քննարկել են արձագանքման գործընթացի կազմակերպման, պատասխանատվության և թափանցիկության հնարավոր տարբերակները՝ ներկայացնելով կոնկրետ առաջարկներ, որոնք նախատեսվում է ներառել մշակվող քաղաքական ուղերձում։
Ֆորումի ընթացքում ձևակերպվել են մի շարք գործնական առաջարկներ, որոնցից կարևորագույններն են՝ ստեղծել միասնական առցանց հարթակ՝ բողոքների և դիտարկումների գրանցման համար, սահմանել արձագանքի հստակ ժամկետներ և պատասխանատու մարմիններ, ապահովել դիմողների ծանուցում յուրաքանչյուր փուլում, ներառել ծնողների և ՀԿ ներկայացուցիչների մասնակցությունը արձագանքների դիտարկման հանձնաժողովներում, հրապարակել արձագանքների ամփոփ հաշվետվություններ՝ ապահովելով թափանցիկություն։
Հասարակության ձայնը՝ դեպի պետական քաղաքականություն
«Լուսաստղ» ՀԿ նախագահ Անի Գաբրիելյանը նշեց, որ ֆորումը հերթական քայլն է կազմակերպության կողմից իրականացվող «Համընդհանուր ներառում 2․ բյուջեից քաղաքականություն» ծրագրի շրջանակներում․
«Մենք տեսել ենք, որ ներառական կրթության ոլորտում ոչ թե միջոցների պակաս կա, այլ՝ արձագանքի մեխանիզմների բացակայություն։ Մեր նպատակը մեկն է՝ ստեղծել գործիք, որը կապահովի, որ երեխաների, ծնողների և մասնագետների ձայնը հասնի նախարարություն։»
Ֆորումի ընթացքում հնչած առաջարկները և քննարկումների արդյունքները կներառվեն քաղաքական ուղերձի վերջնական տարբերակում, որը կներկայացվի ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ որպես քաղաքացիական վերահսկողության և արձագանքման գործիքի մշակման առաջարկ։
Մասնակիցները համակարծիք էին, որ առանց լսող համակարգի ներառական կրթությունը չի կարող իրական լինել։Ֆորումը ամփոփվել է հետևյալ միտքով․
«Համակարգը պետք է ոչ միայն սովորեցնի, այլև լսի։ Երբ համակարգը լսում է, երեխաները իրացնում են իրենց կրթական իրավունքը։»
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Լուսաստղ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Համընդհանուր ներառում 2. բյուջեից քաղաքականություն» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Լուսաստղ» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
