«Լուսաստղ» ՀԿ-ն ներկայացրեց ներառական կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը Լոռու մարզում

2025-09-03 18:00

Օրերս  անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը։

Ողջունելով ներկաներին՝ Հ. Ավետիսյանն ընդգծեց հանձնաժողովի գործունեության կարևորությունը՝ նշելով, որ առաջնային խնդիր է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման, կրթության, առողջապահության և զբաղվածության հնարավորությունների ընդլայնումը:

Նա կարևորեց նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների համագործակցությունը՝ արդյունավետ ծրագրերի իրականացման համար: Օրակարգի շրջանակում հանձնաժողովի անդամ  «Լուսաստղ» ՀԿ-ի պատասխանատուները ներկայացրեցին պետության աջակցությամբ իրականացվող ներառական կրթությանն ուղղված ծրագրերը, կազմակերպության կողմից այդ ծրագրերին վերաբերող հետազոտությունները, անդրադարձան «Ադա» կենտրոնի երկամյա գործունեությանը, մատուցվող ծառայություններին և բազմաբնույթ ծրագրերին:  Կազմակերպության փոխնախագահ՝ Արփինե Սերոբյանը ներկայացնելով ՀՀ պետական բյուջեից հանրակրթական դպրոցներին ներառական կրթության կազմակերպման համար տրամադրվող միջոցների բաշխման և դրանց արդյունավետության գնահատման հիման վրա պատրաստված պարզեցված բյուջեն, ինչպես նաև այդ արդյունքներից բխող «Համընդհանուր ներառում 2․ բյուջեից քաղաքականություն» ծրագրի շրջանանկներում իրականացվող շահերի պաշտպանության գործողությունների պլանը, անդրադարձավ նպատակներին և ակնկալվող արդյունքներին։ Կազմակերպության նախագահ՝ Անի Գաբրիելյանը նշեց, որ «Համընդհանուր ներառում 2. բյուջեից քաղաքականություն» ծրագիրը, իրականացվում է  Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական  ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում: Անի Գաբրիելյանը նշեց, որ ծրագրի հիմնական նպատակն է շահերի պաշտպանության միջոցով նպաստել ներառական կրթության համակարգի զարգացմանն ու կայացմանը Հայաստանում, որի միջոցով փորձելու են հասնել նրան, որպեսզի ներմուծվի այնպիսի քաղաքացիական  վերահսկողության և հետադարձ կապի գործիք, որի միջոցով շահառուները՝  երեխաները, ծնողները, ուսուցիչներն ու խնամակալները, կարողանան արձանագրել ոլորտում առկա խախտումները, բացթողումները կամ խնդիրները։ Ըստ ՀԿ ղեկավարի այդ գործիքը կօգնի նաև քաղաքականություն մշակողներին՝ տեսնելու համակարգում առկա  իրական  մարտահրավերները և արձագանքելու դրանց ժամանակին։

Լոռու մարզպետը ողջունելով ծրագրի պատասխանատուներին, կարևորելով ծրագիրը հույս հայտնեց, որ այս կարևոր նախաձեռնությունը կտա իր արդյունքները : Նիստի ընթացքում հնչած կարծիքները և առաջարկները ևս մեկ անգամ ընդգծեցին, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և նրանց ներառումն հասարակական կյանքի բոլոր ոլորտներում պահանջում է համակարգային մոտեցում ու բազմակողմ համագործակցություն։ Հանձնաժողովի անդամները համակարծիք էին, որ միասնական աշխատանքի և հետևողական քայլերի արդյունքում հնարավոր է ապահովել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է լիարժեք իրացնել իր իրավունքներն ու ներուժը։

Նիստը եզրափակվեց փոխադարձ պատրաստակամությամբ՝ շարունակելու համատեղ աշխատանքները և զարգացնելու նախաձեռնությունները՝ հանուն առավել ներառական ու արդար հասարակության ձևավորման։

Սույն  հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Լուսաստղ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Համընդհանուր ներառում 2. բյուջեից քաղաքականություն» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Լուսաստղ» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

This site is registered on wpml.org as a development site.