Շուրջ 300 քաղաքացիներ ծանոթացել են բյուջետային գործընթացներին և մասնակցային բյուջետավորմանը․ Երիտասարդ մասնագետները իրականացրել են հանրային իրազեկումներ

2025-05-02 10:33

«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում շուրջ հինգ ամիս տևած երիտասարդ մասնագետների բյուջետային գիտելիքների փոխանցմանն ուղղված ուսումնական երկրորդ ծրագրի արդյունքում 20 երիտասարդ մասնագետներ իրականացրել են հանրային իրազեկման սեմինարներ, որոնց արդյունքում շուրջ 300 քաղաքացիներ, ուսանողներ և աշակերտներ ծանոթացել են բյուջետային գործընթացներին և մասնակցային բյուջետավորման հիմունքներին:

Սեմինարներն իրականացրել են ուսումնական ծրագրի հանրային իրազեկման փուլի շրջանակներում խորացված և գործնական հմտությունների զարգացման փուլն անցած երիտասարդ մասնագետները, ովքեր սովորում են տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Նրանք իրենց ձեռք բերած գիտելիքները կիրառել են՝ անցկացնելով սեմինարներ իրենց համալսարաններում, դպրոցներում, աշխատավայրերում և համայնքներում:

Իրազեկման սեմինարներին մասնակցել են համայնքային տարբեր խմբեր՝ դպրոցականներ, երիտասարդներ, տարեցներ, ինչպես նաև տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են բյուջետային գործընթացով:

Երիտասարդ մասնակիցները բյուջետային ուսումնական ծրագրի ընթացքում ստացել են համապարփակ գիտելիքներ՝ առցանց դասընթացների, փորձագիտական վարպետաց դասերի, պետական մարմիններ այցելությունների և դրանց ներկայացուցիչների հետ հանդիպումների միջոցով:

Սեմինարներն անցկացվել են ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում: Դրանք ուղղված են եղել բյուջետային գործընթացի վերաբերյալ հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանը՝ նպաստելով Հայաստանում մասնակցային բյուջետավորման զարգացմանը:

Սեմինարների ընթացքում քննարկվել են մասնակցային բյուջետավորումը և դրա իրավական հիմքերը, պետական բյուջեի էությունը և 2025թ. պետական բյուջեի նկարագիրը, հանրային բյուջեների կազմման գործընթացը, հարկերի դերը պետական բյուջեի ձևավորման մեջ և դրանց նշանակությունը, պետական բյուջեի կառուցվածքը և դասակարգումները, բյուջետային համակարգը, բյուջետային ծրագրերը, համայնքային բյուջեն և այլ կարևոր հարցեր:

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ:

This site is registered on wpml.org as a development site.