«Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի ներկայացուցիչներն իրականացրեցին վիրտուալ ուսումնական այց ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ

2025-04-18 16:16

2025թվականի ապրիլի 17-ին տեղի ունեցավ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրի երկրորդ հոսքի վերջին՝ մենթորության և ԵՄ փորձի փոխանակման փուլը։ Փուլի շրջանակներում տեղի ունեցավ վիրտուալ ուսումնական այց Չեխիայի մասնակցային բյուջետավորման փորձի փոխանակման նպատակով:

Հանդիպմաբ մեկնարկին ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչներին ողջունեց «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) ներկայացուցիչ Վոյտեկ Չերնին : Նա նաև ակտիվ մասնակցություն ունեցավ հանդիպման ընթացքում՝ կիսվելով Չեխիայի փորձով և պատասխանելով մասնակիցների հարցերին:

Հանդիպման հիմնական բանախոսն էր «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) բյուջետային փորձագետ Յանա Ստեհնովան, ով ներկայացրեց Չեխիայի հաջողված փորձը մասնակցային բյուջետավորման գործընթացում:

Հանդիպման հիմնական նպատակն էր խորացնել ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների գիտելիքները ԵՄ երկրների, մասնավորապես Չեխիայի մասնակցային բյուջետավորման փորձի վերաբերյալ և քննարկել ՔՀԿ-ների և պետական/տեղական մարմինների միջև համագործակցության տարբեր ասպեկտները:

Յանա Ստեհնովան մանրամասն ներկայացրեց մասնակցային բյուջետավորման գործընթացների առանձնահատկությունները, դրանց հետ կապված մարտահրավերները և ձեռք բերված արդյունքները:

Հանդիպման ընթացքում պատկերավոր կերպով ցուցադրվեցին մի շարք թվային հարթակներ, որոնք էական դեր են խաղում Չեխիայում մասնակցային բյուջետավորման զարգացման գործում: Այս հարթակները հնարավորություն են տալիս քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել բյուջետային գործընթացներին, ներկայացնել սեփական նախաձեռնություններ և քվեարկել համայնքային նշանակության ծրագրերի օգտին:

Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու փորձագետին, կիսվելու իրենց փորձով և քննարկելու Հայաստանում մասնակցային բյուջետավորման հնարավորություններն ու մարտահրավերները:

Փորձագետ Յանա Ստեհնովան և Վոյտեկ Չերնին մանրամասն պատասխանեցին բոլոր հարցերին և կիսվեցին Չեխիայի հաջողված օրինակներով, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանի համար:

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ:

This site is registered on wpml.org as a development site.