«Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի փորձագետ Յանա Ստեհնովայի կողմից ներկայացվեց բյուջետային գործընթացում միջազգային փորձը բյուջետային ուսուցման ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչներին

2025-04-17 10:31

2025 թվականի Ապրիլի 15-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրի երկրորդ հոսքի մասնակիցները առցանց հանդիպում ունեցան չեխ փորձագետ Յանա Ստեհնովայի հետ:

Հանդիպման հիմնական նպատակն էր ծանոթանալ Եվրոպական միության (ԵՄ) և հատկապես Չեխիայի հաջողված փորձին բյուջետային թափանցիկության և մասնակցային բյուջետավորման ոլորտում, ինչպես նաև քննարկել դրա կիրառելիությունը Հայաստանում:

Ուսումնական ծրագրի մասնակիցներն առանձնակի ուշադրություն դարձրին հարկաբյուջետային հաղորդակցման գործընթացում առկա հիմնական մարտահրավերներին: Յանա Ստեհնովան մանրամասնորեն ներկայացրեց, թե ինչպես է Չեխիան հաղթահարել քաղաքացիների կողմից բյուջետային տեղեկատվության ընկալման բարդությունները՝ ներդնելով պարզեցված և տեսանելի հաղորդակցման մեխանիզմներ և գործիքներ: Նա շեշտեց մատչելի և հասկանալի բյուջետային տեղեկատվության կարևորությունը հանրային մասնակցության խթանման գործում:

Հանդիպման շրջանակներում քննարկվեցին նաև այն հիմնական դասերը, որոնք Հայաստանը կարող է ուսանել ԵՄ-ի, այդ թվում Չեխիայի լավագույն փորձից: Փորձագետը կիսվեց կոնկրետ մոտեցումներով, որոնք արդյունավետ են եղել և կարող են ներդրվել Հայաստանում՝ տեղական համատեքստի և առանձնահատկություններ հաշվառմամբ: Մասնավորապես, նա անդրադարձավ տեղական համայնքներում բյուջետային որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների ներգրավման մեխանիզմներին և դրանց ինստիտուցիոնալացման կարևորությանը:

Մեդիայի ներկայացուցիչները հատկապես հետաքրքրված էին բյուջետային թափանցիկության գործընթացում լրատվամիջոցների դերի մասին Չեխիայում: Յանա Ստեհնովան ընդգծեց, որ Չեխիայում մեդիան հանդիսանում է բյուջետային տեղեկատվության տարածման և հանրության իրազեկման կարևորագույն գործիք:

Հանդիպման ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին փորձագետին իր մանրամասն բացատրությունների և արժեքավոր խորհուրդների համար, որոնք կարող են զգալիորեն նպաստել Հայաստանում բյուջետային թափանցիկության և մասնակցայնության բարելավմանը:

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ:

 

This site is registered on wpml.org as a development site.