2025 թվականի ապրիլի 15-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում երիտասարդ մասնագետների բյուջետային գիտելիքների փոխանցմանն ուղղված ուսումնական ծրագրի երկրորդ հոսքի մասնակիցները առցանց հանդիպում ունեցան ծրագրի չեխ փորձագետ Յանա Ստեհնովայի հետ:
Հանդիպումն անցկացվեց հարց ու պատասխան ֆորմատով, որի նպատակն էր երիտասարդներին հաղորդակից դարձնել մասնակցային բյուջետավորման միջազգային փորձին և Չեխիայի հանրապետությունում կիրառվող մեխանիզմներին: Փորձագետը կիսվեց այն հիմնարար մոտեցումների մասին, որոնք նպաստել են Եվրոպական միությունում (ԵՄ) և հատկապես Չեխիայում մասնակցային բյուջետավորման համակարգի զարգացմանը և հաջողված իրականացմանը:
Մասնակիցների հարցերը հիմնականում կենտրոնացած էին երեք առանցքային թեմաների շուրջ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը բյուջեի վերահսկողության գործում միջազգային մակարդակով, ԵՄ-ում և Չեխիայում կիրառվող թվային մասնակցության գործիքներ, որոնք կարող են կիրառելի լինել նաև Հայաստանում, ինչպես նաև կրթական հաստատությունների ներգրավվածությունը մասնակցային բյուջետավորման կրթության մեջ՝ ԵՄ-ի և հատկապես Չեխիայի փորձի տեսանկյունից:
Հատկանշական էր թվային մասնակցության գործիքների քննարկումը, որոնք հաջողությամբ կիրառվում են ԵՄ անդամ պետությունների, այդ թվում Չեխիայի կողմից, կարող են համապատասխանեցվել և ներդրվել Հայաստանում՝ ազգային համատեքստի և առանձնահատկություններ հաշվառմամբ։ Ներկայացվեցին առցանց հարթակներ, հավելվածներ և այլ թվային լուծումներ, որոնք նպաստում են քաղաքացիների ակտիվ մասնակցությանը բյուջետային որոշումների կայացման գործում:
Փորձագետը մանրամասն ներկայացրեց Չեխիայի փորձը և այն մարտահրավերները, որոնց միջոցով երկիրը կարողացել է հասնել նշանակալի արդյունքների մասնակցային բյուջետավորման ոլորտում:
Հանդիպման ավարտին Յանա Ստեհնովան մոտիվացնող խոսքով դիմեց երիտասարդներին՝ կարևորելով փոքր քայլերով համախմբել հասարակությանը և ձևավորել համախոհների ցանց՝ որպես մասնակցային բյուջետավորման հաջողության կարևորագույն նախապայման:
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: