Բյուջետային ուսումնական ծրագրի երկրորդ հոսքի մասնակիցների այցը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2025-04-15 10:45

2025 թվականի ապրիլի 11-ին Երիտասարդ մասնագետների բյուջետային  գիտելիքների փոխանցմանն ու ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրի երկրորդ հոսքի շրջանակներում կազմակերպվեց այցելություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։ Այցի հիմնական նպատակն էր ուսումնասիրել ծրագրի թիրախային ոլորտի՝ գյուղատնտեսության վերաբերյալ բյուջետային ծրագրերը՝ հենց իրականացնող մարմնի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների կողմից։

Նախարարությունում մասնակիցների հետ հանդիպում ունեցան ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Գայանե Աթոյանը, գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ Իռա Փանոսյանը, ագրովերամշակման վարչության բաժնի պետ Արայիկ Արամյանը և բուսաբուծության վարչության պետ Վարսիկ Մարտիրոսյանը։

Հանդիպման սկզբում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Գայանե Աթոյանը ողջունեց ներկաներին և մաղթեց արդյունավետ ու կառուցողական երկխոսություն։ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը ամփոփ ներկայացրեց նախարարության ներկայացուցիչներին ծրագրի հիմնական նպատակները, թիրախային հարցերը, բաղադրիչները և այս հանդիպումից ակնկալվող արդյունքները։

Այնուհետև Գայանե Աթոյանը մասնակիցներին ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարության 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ), 2026 թվականին ներդրվող նոր ծրագրերը, միջոցառումները, ինչպես նաև 2025 թվականին Գյուղատնտեսության ոլորտում իրականացվելիք ծրագրերն ու միջոցառումները։

Հանդիպման ընթացքում նախարարության ներկայացուցիչները անդրադարձ կատարեցին առաջիկա բյուջեով նախատեսվող գյուղատնտեսության ոլորտի հիմնական առաջնահերթություններին և միջոցառումներին, ինչպես նաև դրանցից յուրաքանչյուրից ակնկալվող արդյունքներին։ Այնուհետև երիտասարդ մասնագետները և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչները հղեցին այն հարցադրումները, որոնք ըստ իրենց առավել խնդրահարույց են գյուղատնտեսության ոլորտում։

ՀՊՏՀ ուսանողուհի, երիտասարդ մասնագետների բյուջետային  գիտելիքների փոխանցմանն ուղղված ուսումնական ծրագրի երկրորդ հոսքի մասնակից Ժանետա Վարդանյանը հետաքրքրվեց գյուղական ենթակառուցվածքների վերանորոգման և զարգացման ծրագրի ֆինանսավորման զգալի աճի պատճառներով։ Ի պատասխան՝ նախարարության ներկայացուցիչները բացատրեցին, որ այդ աճը պայմանավորված է միջազգային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի մեկնարկով։

ՀՊՏՀ ուսանողուհի, երիտասարդ մասնագետների բյուջետային  գիտելիքների փոխանցմանն ուղղված ուսումնական ծրագրի երկրորդ հոսքի մասնակից Աննա Բադալյանը հարց բարձրացրեց գյուղատնտեսական արտադրանքի արդիականացման և միջազգային շուկաների պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ ապագա ծրագրերի վերաբերյալ։ Նախարարության ներկայացուցիչները նշեցին, որ գյուղատնտեսության արդիականացման ծրագրերը միտված են արտադրողականության և մրցակցության բարձրացմանը, ինչպես նաև արտահանման խթանմանը։

Հանդիպման ավարտին նախարարության ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ քաղաքացիական հասարակությունն այսուհետ էլ ավելի մասնակցային կլինի գյուղատնտեսության ոլորտի բյուջեի ձևավորման գործում։ Նրանք շնորհակալություն հայտնեցին ոլորտային հետաքրքրության և բովանդակային հարցերի շուրջ քննարկումների համար։

«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն իրականացվում է 2022թ. դեկտեմբերի 8-ից մինչև 2026թ. դեկտեմբերի 7-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Ծրագրի գործընկերներն են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն և չեխական «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն:

This site is registered on wpml.org as a development site.