2026-2028 թթ. ՄԺԾԾ հայտի նախագծի հանրային քննարկում ԿԳՄՍՆ-ում

2025-04-14 12:13

2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) նախագծի մշակման աշխատանքների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) կազմակերպել էր նախարարության 2026-2028թթ. ՄԺԾԾ հայտի նախագծի հանրային քննարկումներ:

Սույն թվականի ապրիլի 7-ին տեղի ունեցած հանրակրթության, նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտների ՄԺԾԾ հայտի նախագծի քննարկմանը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մասնակցեցին «Ուղղակի Ժողովրդավարություն», «Մեդիան հանուն կրթության»  և «Լուսաստղ» հասարակական կազմակերպությունները։

Քննարկմանը ԿԳՄՍՆ-ի կողմից մասնակցեցին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և ԿԳՄՍՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը։

Իր բացման խոսքում նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրեց նախարարության ՄԺԾԾ 2026-2028 թթ․ հայտի նախագիծը՝ անդրադառնալով նոր ներդրվող ծրագրերին, 2026-2028թթ․ բյուջեի նախատեսվող աճին և արդյունքային ցուցանիշների կանխատեսումներին՝ համեմատելով դրանք նախորդ տարիների փաստացի տվյալների հետ։

Քննարկման ընթացքում մասնակիցներն ակտիվորեն բարձրացրեցին իրենց հուզող հարցերը։ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ը բարձրացրեց համախառն ներքին արդյունքում կրթության ոլորտի կշռի ավելացման, կամավոր ատեստավորման թեստերի որակների բարելավման, էսսեների միջոցով քննություններն անցկացնելու և կամավոր ատեստավորման նախատեսված արդյունքային որոշ ցուցանիշների թերակատարման հետ կապված մի քանի հարցեր։

«Լուսաստղ» ՀԿ-ի հարցերը  հիմնականում վերաբերում էին ներառական կրթությանը, թե ինչպիսի քայլեր են ձեռնարկվում միջին մասնագիտական կրթության և ուսուցման հաստատություններում ներառական կրթության ներդրման և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության ապահովման համար։

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ը բարձրաձայնեց մտահոգություն կապված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կառուցվող մանկապարտեզների շինարարական աշխատանքների ձգձգման հետ, ինչի պատճառով երեխաները զրկվում են կրթություն ստանալու իրենց իրավունքից։ Նաև նշենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ ստացած չորս ՀԿ-ները նաև ներկայացրել են գրավոր առաջարկներ 2026-2028 թթ. ՄԺԾԾ հայտի՝ հանրակրթության ոլորտի նախագծի վերաբերյալ։

Քննարկումն անցկացվեց կառուցողական մթնոլորտում՝ խթանելով պետական և հասարակական կառույցների միջև բաց երկխոսությունը և ՔՀԿ-ների մասնակցությանը բյուջետային գործընթացում կրթական քաղաքականության ձևավորման գործընթացում։

This site is registered on wpml.org as a development site.