Երիտասարդ մասնագետները և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչները այցելեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

2025-04-11 09:59

2025 թվականի ապրիլի 4-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացավ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում կազմակերպված այց: Այցին մասնակցեցին բյուջետային ուսումնական ծրագրի երկրորդ հոսքի մասնակից երիտասարդ մասնագետները և ՔՀԿ/ԶԼՄ-ները։

Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ կրթության ոլորտի բյուջեով նախատեսվող ծրագրերին և զարգացնել ոլորտային գիտելիքները։

Մասնակիցներին ընդունեցին ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ռազմավարական պլանավորման բաժնի պետ Վերոնիկա Խորասանյանը, հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը, մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը և վարչության այլ ներկայացուցիչներ:

Հանդիպման սկզբում ԻՀԱ ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց ծրագրի և այցի նպատակները՝ նշելով վերապատրաստված ՔՀԿ/ԶԼՄ-ների և երիտասարդ մասնագետների գիտելիքների ու հմտությունների զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները:

Նախարարության ներկայացուցիչներն իրենց հերթին անդրադարձան կրթության ոլորտի բյուջետային ծրագրերին և միջոցառումներին, դրանց ֆինանսավորումներին և առաջիկա ակնկալիքներին։

ՀՊՏՀ-ի ուսանող Ժանետա Վարդանյանը հետաքրքրվեց, թե ինչու է 2024թ.-ին բյուջետային ծրագրերից «Ապահով դպրոց» ծրագրի բյուջեն նվազել 83.3 տոկոսով, հաշվի առնելով Հայաստանի պետական քաղաքականության ուղղվածությունը այս ոլորտում։ Հարցադրմանն ի պատասխան ԿԳՄՍՆ ներկայացուցիչները նշեցին, որ դպրոցաշինության մասը առանձնացվել է այդ ծրագրից՝ ձևավորելով «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագիրը:

ՀԱՊՀ-ի ուսանող Նարեկ Ալեքսանյանի՝ դպրոցներում «Արհեստական բանականություն» առարկայի դասավանդման վերաբերյալ հարցին ի պատասխան, նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ 2023 թվականից 16 ավագ դպրոցներում արդեն ներդրվել է այս առարկայի փորձարարական ծրագիրը, որը լավ արդյունքներ է գրանցել և աստիճանաբար կներդրվի այլ դպրոցներում ևս։

Հանդիպումն ավարտվեց երկուստեք գոհունակությամբ և երախտագիտության խոսքերով:

«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն իրականացվում է 2022թ. դեկտեմբերի 8-ից մինչև 2026թ. դեկտեմբերի 7-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Ծրագրի գործընկերներն են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն և չեխական «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն:

This site is registered on wpml.org as a development site.